Դիվանագիտական ներկայացուցիչների հետ շփումն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կուժեղացվի. Ռուբեն Ռուբինյան
Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանից «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե իր ելույթում, երբ ասաց, որ ավելի պրոակտիվ պետք է լինի հանձնաժողովը, ինչ է կոնկրետ նկատի ունեցել:
Նա նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ի օրենքները որպես այդպիսին չեն գնում Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, պայմանագրերն էլ, եթե տնտեսական են, գնում են Տնտեսական հանձնաժողով, Սեպայի ամբողջ փաթեթը ԵՄ հանձնաժողով կգնա, և հիմա էլ ունենք ԵԱՏՄ հանձնաժողով, որտեղ մնացած հարցերը կքննարկեն այնտեղ:
Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե ուսումնասիրել են արդյոք նախորդ հանձնաժողովի աշխատանքները, կան արդյոք լավ կողմեր, որոնք կարելի է վերցնել: Ռուբինյանը նշեց, որ կարևորություն է տալու խորհրդարանական դիվանագիտությանը, վերահսկողությանը, նաև լսումներն ավելի կակտիվացնեն:
«Պրոակտիվացման մասին խոսելիս առաջին հերթին դա նկատի ունեի: Հանձնաժողովը խնդիրների վեր հանման և լուծման հարցերում պետք է ակտիվ լինի և վերահսկողություն ունենա»,-ասաց նա:
Նախկին հանձնաժողովի մասին խոսելով՝ ասաց, որ իհարկե ուներ դրական և բացասական կողմեր, ինչպես ցանկացած մարմին ունի. «Բայց ես կարծում եմ՝ պետք է խոսենք ապագայի մասին»,-ասաց նա:
Գորգիսյանը հակադարձեց, որ այո, բայց պետք է ուսումնասիրեն նաև անցյալը:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ինքն առնվազն մեկ դրական երևույթ առանձնացրել է նախորդի աշխատանքից, որը պետք է ուժեղացվի: «Դա դիվանագիտական ներկայացուցիչների հետ շփումն է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ինչը կարևոր է , որ դեսպանների նշանակման գործընթացը լինի հասկանալի և դրական»,-ասաց նա:










