YouTube-ն արգելել է կապած աչքերով ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնումը

13:23 • 18.01.19

Աշխարհում ամենահայտնի տեսահոսթինգ YouTube-ը հայտարարել է ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնման արգելքի մասին, որոնցում մարդիկ կապած աչքերով տարաբնույթ գործողություններ են կատարում:

Ֆլեշմոբը մեկնարկել էր Netflix ընկերության արտադրած Bird Box ֆիլմի թողարկումից հետո: Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում ապոկալիպսիսին հաջորդած մտացածին ապագայում, որտեղ մարդիկ ստիպված են ամեն ինչ կապած աչքերով անել, հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:

Երկրպագուները սկսել էին իրենց և ուրիշների մասնակցությամբ նման տեսանյութեր նկարահանել: Գրանցվել են նաև համացանցում հայտնի տեսանյութ ստեղծելու հույսով փակ աչքերով մեքենա վարելու պատճառով առաջացած ավտոճանապարհային վթարներ:

«Մենք թույլ չենք տա այնպիսի կատակներ, որոնց զոհերը ստիպված են լրջորեն վտանգել իրենց կյանքը և որոնք երեխաներին կամ թույլ նյարդերով անձանց լուրջ հուզական սթրեսի կարող են ենթարկել»,- ասված է YouTube-ի ղեկավարության հայտարարության մեջ:

Կայքից կհեռացվեն նաև այն տեսանյութերը, որոնցում մարդիկ վտանգում են սեփական կյանքը կամ առողջությունը: Կայքը չի մանրամասնել, թե ինչպես է իրականացնելու տեսանյութերի հայտնաբերման և ջնջման գործընթացը:

YouTube-ն արգելել է կապած աչքերով ֆլեշմոբի ֆոնին վտանգավոր տեսանյութերի ներբեռնումը