Ռուսական ընկերությունը մտադիր է Երկրի ցածր ուղեծրում հսկայական գովազդային վահանակներ տեղակայել (տեսանյութ)

13:55 • 23.01.19

Ռուսական StartRocket ընկերությունը պատրաստվում է մինչև 2021թ. Երկիր մոլորակի ցածր ուղեծրի վրա հսկայական գովազդային վահանակներ տեղակայել, գրում է odditycentral.com կայքը:

Ընկերությունն անձեռոցիկի տուփի չափ փոքր արբանյակներ կուղարկի երկինք, որոնք կպտտվեն Երկրից 400-500 կմ բարձրության վրա և հատուկ մեխանիզմով կարտացոլեն արևի լույսը՝ պիքսելային մատրիցա ստեղծելով: Գովազդները տեսանելի կլինեն միայն գիշերը՝ աշխարհի ցանկացած կետից:

Այս նախագիծը որոշ տարակարծություններ է առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես՝ գիտնականները մտահոգված են, որ գիշերային երկնքում նման հսկայական գովազդները կխոչընդոտեն տիեզերական ուսումնասիրություններին: Մյուսների կարծիքով՝ դրանք գովազդից բացի ոչ մի նպատակի չեն ծառայում և ի վերջո «տիեզերական աղբ» կդառնան:

Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ տիեզերական գովազդի տարածումն անխուսափելի է, և որպես փաստարկ հիշեցնում է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդը նույնպես սկզբնական շրջանում մեծ հավանության չի արժանացել:

 

 

 

Ռուսական ընկերությունը մտադիր է Երկրի ցածր ուղեծրում հսկայական գովազդային վահանակներ տեղակայել (տեսանյութ)