Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի  կնքումը հրատապ անհրաժեշտություն է. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողով

17:40 • 24.01.19

Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

Այս մասին նշվում է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև  ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:

Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝

Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,
Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»,- ասված է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ: