Կարող են լինել թիրախավորված հարձակումներ, չբացատրված անջատումներ․ մեդիափորձագետը՝ ադրբեջանական ընկերության և Վրաստանի ինտերնետ պրովայդերի հնարավոր գործարքի մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ադրբեջանական ընկերության և Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման հնարավորությունների մասին առաջին անգամ չէ, որ քննարկումներ են ծավալվում:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` մոտ 2 տարի առաջ էլ նման տեղեկատվություն տարածվեց, և քննարկումներ եղան, սակայն հետո դա հերքվեց վրացական կողմից: «Այն ժամանակ Ադրբեջանն էր այդ տեղեկատվությունը տարածում: Հիմա պարզ չէ, թե որն է սկզբնաղբյուրը, «Հրապարակ» թերթից բացի այլ տեղ այդ տեղեկատվությունը չեմ տեսել,- ասաց նա՝ նշելով, որ տեսականորեն հնարավոր է, որ նման բանակցություններ կան,- Ադրբեջանը ցանկանում է դա»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ տեղեկություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են ընթանում ադրբեջանական ընկերության և Կովկասում ինտերնետ մատակարարող՝ Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ:
Այդ գործարքի հետևանքով Հայաստանում մինիմում տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, իսկ մաքսիմում կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անգամ եթե նման բանակցություններ կան, և դրանք Ադրբեջանի ցանկացած տարբերակով ավարտվեն, չի նշանակելու, որ չի կարողանալու ամբողջությամբ Հայաստանում տրաֆիկի վերահսկողություն իրականացնել:
«Դա չի նշանակելու, որ ամեն ինչ իրենց համար հասանելի կլինի, որովհետև տրաֆիկի մեծ մասը գաղտնագրված է գնում, և Ադրբեջանը լուրջ հնարավորություններ չունի այդ ամենը վերահսկելու: Կա ավելի նեղ հնարավորություն. ադրբեջանցիները կարող են իրականացնել ավելի թիրախավորված հարձակումներ՝ պրովայդերի մակարդակով: Երկրորդ խնդիրն այն է, որ փաստացի կարող են չբացատրված անջատումներ էլ լինել»,- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այնուամենայնիվ կարծում է՝ Վրաստանին էլ դուր չի գա իրենց հիմնական մայրուղիները կորցնելու հանգամանքը: «Այնպես որ, հավանականություն կա նման գործարքի, բայց այն ցածր է»,- ասաց նա:
Նման գործարք թույլ չտալու համար Հայաստանը կարող է ներքին օղակներով քաղաքական մակարդակում Վրաստանի հետ բանակցել․ չնայած որ հնարավոր բանակցություններն ընթանում են մասնավոր ընկերությունների միջև, բայց կարող են դրանք կասեցվել քաղաքական որոշման արդյունքում:
«Հայաստանն ունի առավել լուրջ խնդիր՝ կապված մայրուղիների հետ․ ադրբեջանցիները կարող են մեր հիմնական մայրուղիները կտրել Վրաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով մեզ համար ավելի ռազմավարական խնդիր կա՝ ունենալ ավելի շատ ռեզերվային հնարավորություններ»,- ասաց նա:










