ՀՀ օրհներգի փոփոխության հարցը պետք է լուծվի, «Մեր հայրենիքը» նվնվացող մեղեդի է, Խաչատրյանի օրհներգն առաջին իսկ նոտաներից վերելք է. Ա. Սաթյան (տեսանյութ)

21:18 • 30.01.19

Եթե Կոմպոզիտորների միությանը հարցնեն, Կոմպոզիտորների միությունը կողմ է, որ օրհներգը փոխվի, բայց ՀՀ օրհներգի փոփոխության հարցին անհրաժեշտ է քաղաքական լուծում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Ըստ նրա՝ «Մեր հայրենիքը» նվնվացող մեղեդի է, իսկ Արամ Խաչատրյանի օրհներգը՝ առաջին իսկ նոտաներից վերելք է:

«Կոմպոզիտորների միության մեծամասնությունը կողմ է, որ օրհներգը փոխվի, նորից վերականգնվի, կամ ստեղծվի այն օրհներգը, որը կարող է ներկայացնել հայ ազգը ոչ թե նվնվացող, այլ պահանջող, հայ ազգը փոքր լինելով, մեծ ազգ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու հարցը:

Ըստ Արամ Սաթյանի՝ այդ հարցը բազմիցս է բարձրաձայնվել, և քաղաքական լուծում չունենալու պատճառով դուրս եկել օրակարգից: Ըստ նրա՝ ՀՀ օրհներգը պատմական իրադարձություններում օգտագործվել է որպես այլ երկրի քաղաքացու երաժշտություն, բացի այդ, Գլազունովի «Ռայմոնդ» բալետի երկրորդ գործողությունը սկսվում է այդ երաժշտությամբ:

Արամ Սաթյանը պատահական չի համարում, որ այդ օրհներգի փոփոխության հարցի քննարկումն այսպես պարբերաբար բարձրաձայնվում է: Նա հիշեցրեց, որ 2006թ. եղավ նույնիսկ նոր օրհներգի մրցույթ, բայց ընտրությունը կանգ առավ Արամ Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ օրհներգի վրա:

«Արամ Խաչատրյանի օրհներգի հիմքում ընկած է շարական, որի վրա գրվել են խոսքեր և բնական է, որ  մշակվել է: Ժամանակին Խաչատրյանի օրհներգի ընտրության ժամանակ էլ է եղել մրցույթ, եղել են լավ տարբերակներ, բայց նրա օրհներգնի ընտրությունն էլ է եղել քաղաքական որոշում: Ինչո՞ւ էր Խաչատրյանը պետք, որովհետև նա այն դեմքն էր, որ ներկայացնում էր Հայաստանը աշխարհին»,-ասաց նա:

Կոմպոզիտորների միության նախագահը նշում է, որ մեր մեծ արվեստագետները՝ Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, նաև Կոնստանտին Օրբելյանը, կողմ էին Արամ Խաչատրյանի օրհներգի վերականգնմանը:

«Մեր մեծ արվեստագետները շատ լավ էլ հասկանում էին, որ օրհներգից կախված է շատ բան՝ և´ մեր երկրի վերածնունդը, և´ մեր երկրի բարի համբավը, և´ շատ բան»,-ասաց նա:

Իսկ թե ինչու է հարցը մշտապես մտնում փակուղի, ըստ Արամ Սաթյանի՝ քաղաքական լուծման բացակայության պատճառով: «Պետք է այդ հարցը լուծել, հերիք եղավ, բոլ եղավ գնանք ինչ-որ կուսակցական խաղերի մեջ մտնենք, բոլորս հայ ենք ու բոլորս մեկ կուսակցություն ենք, և դա հայ լինելն է»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում ՀՅԴ-ն է այդ հարցին դեմ հանդես գալիս, որովհետև դա իրենց օրհներգն էր, դրանով են եկել իշխանության և Հայաստանի Հանրապետություն հիմնել:

ՀՀ օրհներգի փոփոխության հարցը պետք է լուծվի, «Մեր հայրենիքը» նվնվացող մեղեդի է, Խաչատրյանի օրհներգն առաջին իսկ նոտաներից վերելք է. Ա. Սաթյան (տեսանյութ)