«Քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղահաբ գոյություն չունի». Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ
Քաղցկեղի շատ տեսակներ բուժելի են, սակայն այն բուժելու համար ունիվերսալ դեղահաբ գոյություն չունի, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի՝ ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության գծով օգնական Սվետլանա Ակսելրոդը:
«Քաղցկեղի շատ տեսակներ բուժելի են, և բոլոր տեսակները կարելի է վերահսկել: Ներկա պահին քաղցկեղի բոլոր տեսակների համար դեղամիջոց չկա, ինչպես նաև չկա որևէ հաբ, որը կարողանա բուժել կամ կանխել քաղցկեղը»,- ասել է նա:
Ասկելրոդի խոսքով՝ քաղցկեղի որոշ տիպեր կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով, օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղը կարելի է կանխարգելել մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմամբ: Քաղցկեղի շատ տեսակներ հնարավոր է լիովին բուժել, եթե դրանք վաղ փուլում ախտորոշվեն և հիվանդը համապատասխան բուժում ստանա:
«Ընդհանուր առմամբ, այդ հիվանդությունը բուժելու արդյունավետ միջոցներ կան, բայց ամեն ինչ կախված է քաղցկեղի տեսակից և այն բանից, թե որ փուլում է ախտորոշվել, ու ինչ բուժում է նշանակվել»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնականը՝ ընդգծելով, որ քաղցկեղը բազմափուլ բուժում է պահանջում՝ ներառյալ վիրահատական միջամտություն, ճառագայթաբուժություն և դեղամիջոցների ընդունում:










