YouTube-ը դիտարկում է «dislike» կոճակը ջնջելու հնարավորությունը
YouTube հայտնի տեսահոսթինգը դիտարկում է «dislike» կոճակը ջնջելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է հարթակի ինտերնետային նախագծերի գծով ղեկավար Թոմ Լինգը:
Նրա խոսքով՝ կայքի զարգացման թիմը «dislike»-երի չարաշահումից խուսափելու հնարավոր տարբերակներ է որոնում: Պատճառն այն է, որ մի խումբ օգտատերեր կարող են դիտավորյալ չարաշահել տեսանյութի վերաբերյալ բացասական վերաբերմունք արտահայտող «dislike» կոճակը՝ որոշ տեսանյութերի կամ դրանց հեղինակների վարկանիշն իջեցնելու կամ նրանց վնաս հասցնելու նպատակով:
Այս գաղափարի շրջանակում դիտարկվում է տեսաալիքների տերերին «dislike» կոճակն արգելափակելու հնարավորություն ընձեռելը: Մեկ այլ տարբերակ է այն, որ տեսանյութին բացասական գնահատական տված օգտատերը փոքրիկ հարցման կենթարկվի, որում կպարզաբանի իր ընտրությունը:
Այս կերպ կայքը կպայքարի այն օգտատերերի դեմ, որոնք առանց տարբերակման զանգվածային կերպով բացասական վերաբերմունք են արտահայտում կայքում հայտնված հոլովակների վերաբերյալ:
Ամենածայրահեղական որոշումը կարող է «dislike» կոճակի ամբողջական վերացումը լինել:










