Մարսի գաղութացման ծրագիր մշակած Mars One-ն իրեն սնանկ է հայտարարել
Հոլանդական Mars One մասնավոր ընկերությունը, որը 2012թ.-ից Մարսի գաղութացման ուղղությամբ ծրագրեր է մշակում, իրեն սնանկ է հայտարարել, գրում է techcrunch.com-ը:
Ընկերությունը հայտարարել էր Մարսի գաղութացման ծրագրի մասին և այդ նպատակով կամավորների էր հավաքագրել: Դիմում էր ներկայացրել «Կարմիր մոլորակի» առաջին բնակիչների թվում հայտնվել ցանկացող 200 հազար մարդ, որից ընկերությունն ընտրել էր 100-ին: Վերջիններս սկսել էին պատրաստվել ենթադրյալ թռիչքին:
Ավելի ուշ, սակայն, ընկերությանը մեղադրել էին անհիմն մոտեցման, մասնակիցների ընտրության հարցում կողմնակալ վերաբերմունքի և վատ կազմակերպման համար: Ընկերությունը հերքել էր բոլոր մեղադրանքները և դեպի Մարս առաջին թռիչքը նշանակել 2023թ.-ին:
Ըստ ծրագրի՝ մարսագնացն արդեն պետք է ճանապարհ ընկած լիներ, սակայն ընկերությունն այժմ իրեն սնանկ է հայտարարել և անորոշ ժամկետով հետաձգել մոլորակի գաղութացումը:










