Սաուդցի տղամարդիկ Absher ծառայության միջոցով վերահսկում են իրենց կանանց տեղաշարժը. իրավապաշտպաններն ահազանգում են

17:37 • 14.02.19

AppStore և Google Play հավելվածներում հայտնաբերվել է Absher ծառայությունը, որն օգտագործում են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները՝ ընտանիքի կին անդամների տեղաշարժը վերահսկելու համար, հայտնում է National Public Radio-ն:

Ամերիկացի սենատոր Ռոն Ուիդենը խնդրել է Apple-ից ու Google-ից անհապաղ կանգնեցնել Absher-ի տարածումը: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում էլ կարծում են, որ սաուդցի տղամարդիկ օգտագործում են ծառայությունն իրենց կանանց տեղաշարժը սահմանափակելու համար:

«Մենք կոչ ենք անում Google-ին և Apple-ին գնահատել կանանց իրավունքների խախտման վտանգը, որին նպաստում է այդ ծառայությունը», - հայտարարել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունից:

Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունում ծառայությունից օգտվում են երկրի քաղաքացիների մասին տեղեկությունների հավաքման ու գրանցման նպատակով: Absher-ի օգնությամբ սաուդցիները կարող են անձնագիր ստանալ կամ գրանցել իրենց տրանսպորտային միջոցը:

Սաուդցի տղամարդիկ Absher ծառայության միջոցով վերահսկում են իրենց կանանց տեղաշարժը. իրավապաշտպաններն ահազանգում են