Գիտնականները ներկայացրել են Մեծ երկնագույն անցքի հատակին արված բացահայտումները

21:04 • 16.02.19

Գիտնականների թիմը, որում ընդգրկված է եղել նաև Virgin Group ընկերությունների խմբի միլիարդատեր հիմնադիր Ռիչարդ Բրանսոնը, ավարտել է Բելիզի Մեծ երկնագույն անցքի հատակի ուսումնասիրության առաքելությունը, որի արդյունքում տպավորիչ բացահայտումներ է կատարել:  

Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտարշավին մասնակցել է նաև Ֆաբիեն Կուստոն, որի պապու՝ Ժակ Կուստոյի ջանքերով Մեծ երկնագույն անցքը 1971-ին հայտնվեց քարտեզների վրա: Նրանց առաքելությունը մեկնարկել է դեկտեմբերին՝ բնության հուշարձանի հատակի գաղտնիքները բացահայտելու նպատակով:

Մեծ երկնագույն անցքն աշխարհի խոշորագույն գոգավորությունն է, որի խորությունը կազմում է 125 մետր, իսկ տրամագիծը՝ 300 մետր:

 Սուզանավերի օգնությամբ գիտնականները նոր պատկերներ և տեսանյութեր են ստացել անցքի ներսից և ստեղծել են ինտերիերի առաջին 3D քարտեզը:

Գիտնականների խոսքով՝ ամենազարմանահրաշ բացահայտումներից մեկը ստալակտիտներն (շթաքար) էին, որոնք երբեք նախկինում չէին երևացել: Խոսքը սառցալեզվակների տեսքով հանքային կազմավորումների մասին է, որոնք գտնվում են 124 մետր խորություններում:

Ինչպես գիտնականները նշել են, 90 մետրից այն կողմ ամեն ինչ մթության մեջ է գտնվում, ուր լույս չի ներթափանցում:

 

 

Գիտնականները ներկայացրել են Մեծ երկնագույն անցքի հատակին արված բացահայտումները