Ռուսական արտադրության կամիկաձե-անօդաչուն ցուցադրվել է Աբու Դաբիում (տեսանյութ)
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը Աբու Դաբիում անցկացվող IDEX 2019 ցուցադրության ժամանակ ներկայացրել է KYB անօդաչու թռչող սարքը, որը կարող է ինքնուրույն պայթել:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, կադրեր հրապարակելով ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչուի ցուցադրությունից, այն կարող է 80-130 կմ/ժամ արագություն զարգացնել, ինչպես նաև օդում կարող է գտնվել մինչև 30 րոպե: Ինքնաոչնչացվող անօդաչուի օգտակար բեռնվածությունը կազմում է մոտ 3 կգ:
Հրապարակված տեսանյութում երևում է անօդաչուի մոդելը, ինչպես նաև դրա փորձարկման կադրերը, որոնցում այն ինքնաոչնչանում է թիրախին մոտենալուն պես:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ KYB անօդաչուի փորձարկումը հաջողությամբ է անցել: Այն պատրաստ է կիրառման:
Նման ինքնաոչնչացող անօդաչուների արտադրությամբ զբաղվում է հիմնականում Իսրայելը: 2000 թվականներին երկրում մշակվել է IAI Harop հետախուզական հարվածային անօդաչուն, որը թիրախը հայտնաբերելիս վերածվում է թևավոր հրթիռի: Ի դեպ, թիրախը հայտնաբերելիս հրահանգը կարող է չեղարկվել, և անօդաչուն կարելի է հետագա թռիչքի ուղարկել կամ վերադարձնել բազա:
IAI Harop-ն օգտագործում են իսրայելցի զինվորականները, ինչպես նաև Գերմանիան, Հնդկաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










