Իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. Արմեն Սարգսյանը՝ Մյունխենում
Որպես Հայաստանի նախագահ՝ իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները։ Մյունխենում՝ Եվրոպական հարավային աստղադիտարանում, իր խոսքն այսպես սկսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հայաստանը պատրաստ է աշխատելու ձեր պես միջազգային հետազոտական կենտրոնների հետ։ Հայաստանը փոքր է, բայց փոքրը նաև գեղեցիկ է»,- ասաց նա։
Նշենք, որ Եվրոպական հարավային աստղադիտարանը աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:
Հաստատության պրոֆեսոր Քսավիե Բարկոնը նախագահին ներկայացրեց իրենց գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները, պատմեց, որ աստղադիտարանն ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց առաջին անգամ է, որ նրանց նախագահ է այցելում:
Արմեն Սարգսյանն էլ ներկայացրեց հայկական գիտական մտքի ձեռքբերումները, խոսեց Բյուրականի մասին, պատմեց Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զարգացումների, մասնավորապես՝ «Թումո»-ի մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասաց նա:
Աստղադիտարանի տնօրինությանը Արմեն Սարգսյանը հրավիրեց Հայաստան՝ հունիսին տեղի ունենալիք «Մտքերի գագաթնաժողովին»՝ քննարկելու ապագային վերաբերող հարցերը։
Աստղադիտարանում շրջայցի ընթացում նախագահը լրագրողների հետ զրույցում մատնանշեց՝ այստեղ աստղադիտարանը կառուցում է ամենամեծ օպտիկական աստղադիտակը:
«Սա հեղափոխության նման մի բան է: Մինչև այս դիտակը աշխատի, կստացվի, որ մինչև այդ կույր էինք: Բայց դիտակը սովորական չէ, որովհետև այն սարքելիս հավաքագրում են աշխարհում այսօր գոյություն ունեցող բոլոր լավագույն տեխնոլոգիաները,- ասաց նա՝ նկատելով, որ գործ ունենք տեխնոլոգիական ամենաբարձր մակարադակի հետ,- մենք նպատակ ունենք համագործակցություն սկսելու աշխարհահռչակ այս կենտրոնի հետ: Իհարկե, այստեղ անդամները միայն ԵՄ անդամներն են, բայց Հայաստանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունի»:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ այստեղ պետք է պետության հոգատարությունը: «Առանձին գիտնականներ կարող են առանձին ծրագրեր անել, բայց եթե չկա պետության աջակցությունը, դժվար է լինելու: Ես նպատակ ունեմ աջակցելու, որ մեր՝ հայկական գիտությունն ու տեխնոլոգիան մոտենան աշխարհի լավագույնին: Իսկ այս աստղադիտարանն աշխարհի լավագույնն է»,- ասաց նա:
Նախագահն այցելեց նաև Մյունխենի տեխնիկական համալսարան (TUM): Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է:
ՀՀ նախագահն էլ համալսարանի ղեկավարությանը ներկայացրեց՝ իր այցի նպատակն է Հայաստանի և Գերմանիայի միջև գիտության ոլորտում, երկու երկրների համալսարանների և գիտնականների միջև համագործակցությունը զարգացնելը։
«Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափերը:
Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,- ասաց նա` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան: Արմեն Սարգսյանը, բացահայտելով, որ համալսարանի նախագահը նաև երգեհոն է նվագում, հրավիրեց նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ այստեղ իր տաղանդին ծանոթացնելու:
Համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, որ նախագահը գիտնական է, իրենց ավելի է ոգևորում համագործակցելու համար: Հետո հավելեց, որ ցանկանում է գալ Հայաստան և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նվագել երգեհոն:
Նա նաև նկատեց՝ իր ղեկավարած համալսարանում սովորում են նաև մեծ թվով հայ ուսանողներ: «Նրանց մասին բավականին լավ գնահատականներ եմ լսել և դա ինձ ավելի է ոգևորում, որ համագործակցենք Հայաստանի հետ»,- ասաց նա:
TUM-ի բանականության ամբիոնի վարիչ Դենիել Քրեմերսն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի հետ զրուցել են Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացման հեռանկարների մասին: «Կան շատ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել: Եվ ամենակարևոր բաղադրիչը հետազոտություններ անելն է՝ ներառելով տաղանդավոր երիտասարդներին: Հայաստանը երկիր է, որն ունի շատ տաղանդավոր երիտասարդներ, և մենք պատրաստ ենք նրանց հյուրընկալել»:










