Գիտնականները մշակում են պտղի գենային թերապիայի արմատապես նոր մեթոդ
Գիտնականները մշակում են գենային թերապիայի արմատապես նոր մեթոդ, որը հնարավորություն կտա բուժելու դեռևս մայրական արգանդում գտնվող պտղի մոտ ախտորոշված խախտումները:
Ինչպես նշում է The Guardian-ը, բուժման այս տեսակը ենթադրում է, որ բժիշկները պտղի ուղեղի մեջ կներարկեն անվնաս վարակ, որը նեյրոնների վրա ազդեցության արդյունքում կարտադրի գենետիկ թերությունները շտկող մոլեկուլներ:
Թեստերի արդյունքում պարզվել է, որ գենային թերապիան առավել արդյունավետ կլինի պտղի զարգացման երկրորդ եռամսյակում, երբ ուղեղը զարգացման վաղ փուլում է:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի նեյրոկենսաբան Մարկ Զիլկան վստահ է, որ մեթոդի արդյունավետությունը կախված է նրանից, թե ներարկումը երբ է արվում:
Թերապիայի նպատակն է Անջելմանի համախտանիշի (հազվագյուտ ժառանգական խանգարում, որն ախտահարում է նյարդային համակարգը) բուժումը: Այս համախտանիշն ունեցող երեխաներն ունեն փոքր գլխուղեղ, քայլելու, քնելու, նորմալ կյանք վարելու հետ կապված բարդություններ:
Պարբերականը նկատում է, որ նախկինում որևէ գիտնական չի հայտնագործել գենային թերապիայի այնպիսի մեթոդ, որը ներարկվում է անմիջապես պտղի գլխուղեղում: Սակայն, Զիլկայի համոզմամբ, եթե ամեն ինչ հաջող ընթացք ունենա, ապագայում հնարավոր կլինի այս թերապիայի միջոցով այլ շեղումներ էլ (օրինակ՝ աուտիզմի որոշ տեսակներ) բուժել:










