ՀՀ-ում կոռուպցիան չի վերացել, իսկ ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալումը ծանր հարված է նոր Հայաստանին. Աղասի Ենոքյան (տեսանյութ)
Իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ կոռուպցիան վերացել է, բայց մենք տեսնում ենք, որ տնտեսությունը չի զարգանում, հետևաբար կոռուպցիան չի վերացել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նրա խոսքով՝ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է օրենսդրական հսկայական փոփոխություն, որը թույլ չէր տա կոռուպցիա ծնող երևույթների գոյությունը։
Անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամներից մեկի նվիրատուներին՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ «ռեկետի» նման մեխանիզմներ են գործում այդ հիմնադրամներում գումար հավաքելու համար։
Հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փիլիսոփայորեն ասում, որ աղքատությունը մարդկանց գլխում է, քաղաքագետն ասաց, որ այդկերպ Կառավարությունը փորձում է հնարավորինս քիչ պատասխանատվություն վերցնել իր վրա։
ԱԱԾ-ի կողմից Պետական վերահսկողության ծառայության երկու պաշտոնյաների ձերբակալման վերաբերյալ հարցին, թե ինչ է փլուզում այս իրադարձությունը պետական համակարգում, Աղասի Ենոքյանն ասաց. «ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալումն ու նման քայլերը ամենածանր հարվածներն են նոր Հայաստանի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ կոնկրետ նոր Հայաստանի բարձր պաշտոնյան ներքաշված է կոռուպցիայի մեջ, իսկ նոր Հայաստանը գրավիչ էր դրանով կամ հայտարարվել էր, որ նոր Հայաստանում չկա կոռուպցիա։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ նոր Հայաստանը հին Հայաստանից առանձնապես չի տարբերվում։ Սա լուրջ հարված է նոր իշխանության իմիջին. եթե նման բացահայտումները շարունակվեն, լուրջ հարվածներ կլինեն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










