«Բարսելոնան» առավելություն ունի, բայց «Ռեալը» կպայքարի մինչև վերջ. Ինյեստա

17:34 • 27.02.19

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, խոսել է Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում կատալոնական թիմի և «Ռեալի» միջև պայքարի մասին:

«Իհարկե, «Բարսելոնան» առավելություն ունի, բայց հնարավոր չէ փետրվարին դառնալ Իսպանիայի չեմպիոն: 

Առջևում շատ խաղեր կան, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումներ: Բացի այդ, պետք չէ մոռանալ «Աթլետիկոյի» մասին. այժմ հենց նրանք են «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցը: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում Իսպանիայում մինչև վերջ թեժ պայքար է լինելու: 

«Ռեալը» մրցաշրջանի առաջին հատվածում շատ միավորներ կորցրեց և «Բարսելոնային» թույլ տվեց առավելություն ստանալ: Սովորաբար նման բաներ չեն լինում: Չնայած դրան՝ «սերուցքայինները» դեռ պայքարում են Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Գավաթում: Ինչպես միշտ, նրանք մինչև վերջ կպայքարեն անգամ առաջնությունում»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» և «Ռեալը» հաղթողին չեն որոշել՝ խփելով մեկական գոլ, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրից հետո «Բարսելոնան» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 48 միավորով երրորդ տեղում է: