Արմեն Գրիգորյանը THALES Group-ի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ շուկայում այժմ առաջ եկող հնարավորությունները

17:07 • 27.02.19

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր ընդունել է THALES Group ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրել է THALES Group ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: 
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը:

THALES Group ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: