Ադրբեջանը պետք է իմանա, որ ցանկացած պահի հայկական զինուժն ի զորու է խոցել իրեն հետաքրքրող բոլոր թիրախները նրա տարածքում. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է: Ըստ Զաքարյանի՝ դա հայկական զինված ուժերի համար նորարարություն չէ, և պատժիչ, կանխարգելիչ գործողություններ միշտ են արվել: «Ես չեմ կարծում, որ նոր կառավարությունն իր առջև նվաճողական քաղաքականության խնդիր է դրել, բայց եթե Ադրբեջանը փորձի անցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բնականաբար հայկական զինուժն իրեն իրավունք է վերապահելու նաև մարտական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխել»,-ասաց նա:
-Պարո՛ն Զաքարյան, ՊՆ Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարեց, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակողական զենքեր: Մասնավորապես ասաց, որ փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ ԶՈւ-ն փոխում է իր մարտավարությունը՝ պաշտպանությունից անցնելով պատժիչ ռազմավարության:
-Հայկական զինված ուժերի համար դա նորարարություն չէ: Բոլոր ժամանակներում համաչափ զարգացվել և արդիականացվել է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական նշանակության զինանոցը: Պատժիչ, կանխարգելիչ գործողություններ միշտ են արվել, դա մարտական հերթապահության խնդիրներից մեկն է: Ես չեմ կարծում, որ նոր կառավարությունն իր առջև նվաճողական քաղաքականության խնդիր է դրել, բայց եթե Ադրբեջանը փորձի անցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բնականաբար հայկական զինուժն իրեն իրավունք է վերապահելու նաև մարտական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու և հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելու:
-Ինչքանո՞վ են նպատակահարմար նման ռազմավարական փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ հայկական զինված ուժերը մշտապես ձեռք է բերել և համալրել իր զինանոցը պաշտպանական զինատեսակներով:
-Արմատական մոտեցումներ, որպես այդպիսին, կարծում եմ՝ չկան, և ՀՀ ԶՈւ-ն շարունակում է զարգանալ այն ռազմավարական ուղենիշներով, որոնք որ սահմանվել են: Ձեր հարցի պատասխանը մանրամասնորեն նկարագրված է 2018թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ՀՀ ԶՈւ արդիականացման 2018-24թթ. ծրագրի» հրապարակային մասում: Մեր բանակն անընդհատ պետք է համապատասխանի ռազմական անվտանգության ապահովման և պատերազմի վարման փոփոխվող պահանջներին, ի զորու լինի կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:
Ես միշտ ասել եմ ու պատեհ առիթներով պետք է կրկնեմ՝ եթե նույնիսկ վաղը մենք լուծենք Արցախյան խնդիրը և կարգավորենք հարաբերություններն Ադրբեջանի հետ, դա չի նշանակում, որ այլևս հավերժ բարեկամներ ենք: Արևելյան հարևանը պետք է իմանա, որ ցանկացած պահի հայկական զինուժն ի զորու է խոցել իրեն հետաքրքրող բոլոր թիրախներն Ադրբեջանի տարածքում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել կայուն խաղաղության մասին:
- Նախարարն ասաց, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ սպառազինության բալանսը վերականգնելու ճանապարհով, այլ ավելի շատ ուշադրություն են դարձնելու որակական խնդիրներին: Նման մոտեցումը, ըստ Ձեզ, բավարա՞ր լուծում է:
-Հայաստանը երբեք սպառազինությունների մրցավազքի մեջ չի եղել, բայց որպես գերխնդիր պահպանել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Դա հիմնականում իրականացվել է հակառակորդի ռազմավարական և մարտավարական կարողությունները զսպելուն և չեզոքացնելուն ուղղված զինատեսակներով, ինչպես նաև այդ ուղղությամբ վարվող ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հստակ քաղաքականությամբ: Այսօր էլ զինված ուժերը պետք է շարունակեն զարգացնել և արդիականացնել իրենց կարողությունները՝ հասանելի ռեսուրսների շրջանակում զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցների կիրառմամբ:
Իմ համոզմամբ՝ նախ և առաջ պետք է շարունակել ավելացնել ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորությունները, ճշգրտությունը և արդյունավետությունը՝ գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության կարողությունների, իսկ ապագայում նաև բազմաֆունկցիոնալ օդուժի զարգացման միջոցով: Այս հարցերում կարևոր նշանակություն ունի նաև սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Ցավոք, գործող կառավարության ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, կառավարության կառուցվածքի՝ առաջին տպավորությամբ անհիմն փոփոխությունները կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ նաև երկրի պաշտպանական համակարգի և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա, բայց դա առանձին թեմա է, և դրա մասին կխոսենք, երբ լինի վերջնական տարբերակը:
- Պարո՛ն Զաքարյան, ինչքանո՞վ է տրամաբանական, որ նման հայտարարություն արվում է այն ժամանակ, երբ Մինսկի խումբը կոչ է անում կողմերին ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության:
-Այս հարցին փորձեմ լակոնիկ պատասխանել. մեզ համար թուրքի հետ խաղաղության պատրաստվելը և քիչ թե շատ հանգիստ լինելը նշանակում է ունենալ անընդհատ արդիականացող և միշտ պատերազմի պատրաստ զինված ուժեր տանը և կայուն ու զորեղ դաշնակիցներ արտաքին աշխարհում:
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մի կողմից արձանագրվում է, որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, բազմաթիվ նոր զինատեսակներ ու ժամանակակից սպառազինություններ է ձեռք բերել, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում, և նաև պետական մակարդակով շարունակվում է հայատյացությունը: Արդյո՞ք սա լռություն է պատերազմից առաջ, ինչպես որոշ փորձագետներ են նշում:
-Հրադադարի խախտման դեպքերի նվազեցումը մեծ հաշվով դեռևս ոչինչ չի նշանակում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այն, կարծես, աստիճանաբար ավելի ինտենսիվ է դառնում: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ բանակցություններում բեկումնային առաջընթացի բացակայությունը, առավել ևս բանակցային գործընթացում Հայաստանի ներկայիս կրավորական կեցվածքի պարագայում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կպահպանվի, ընդ որում՝ ռազմական բախումները կարող են էսկալացվել լայնածավալ մարտական գործողությունների: Սա ժխտել չի կարելի, և նախկինում էլ այս նկատառումը միշտ ունեցել ենք: Որքանով տեղյակ եմ, առաջնագծում հակառակորդին զուգահեռ Արցախի ՊԲ-ն ևս ինժեներական և կահավորման աշխատանքներ է իրականացնում՝ շարունակելով համալրել այն նոր զինատեսակներով և սարքավորումներով: Դա շատ կարևոր է:
- Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստման մասին: Ի՞նչ սպասելիքներ կան հանդիպումից:
- Հուսադրող սպասելիքներ չկան: Անկեղծորեն, ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված իմ մտահոգություններն ավելի ու ավելի են մեծանում:










