Ամեն թատրոն, ՊՈԱԿ մտնելիս հազարավոր չարաշահումների կարելի է հանդիպել. Ա. Իսպիրյանը` մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմակերպման մասին
Դա դեռ նախագիծ է, դեռ չի հաստատվել, երբ կհաստատվի, այն ժամանակ ես կարծիք կհայտնեմ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը` անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման առաջարկին:
Հիշեցմանը, որ կառավարությունը մարտի 5-ին քննարկելու է նախագիծը, նա պատասխանեց. «Իմ կարծիքով` շատ ՊՈԱԿ-ներ կան, որ կադրային սխալ քաղաքականություն են վարում, և կան ՊՈԱԿ-ներ, որտեղ գրանցված են հարյուրավոր մարդիկ, բայց այնտեղ հիմնական աշխատողները 10 հոգի են. ես դա գիտեմ, բայց որը որին կիմանա, դա չգիտեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսվում է նաև Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի, Հայաստանի երգի պետական թատրոնի, Երևանի կամերային պետական թատրոնի փակման հավանականության մասին, նա արձագանքեց, որ դրանք ուղղակի խոսակցություններ են: «Այդ խոսակցությունները, որ գնում են, այնքան են հիմա շահարկում նման բաներ, որ մարդկանց տրամադրությունն է ընկնում: Այդ խոսակցություններին պետք է անդրադառնալ, երբ նախագիծը կլինի: Ամեն թատրոն, ամեն ՊՈԱԿ մտնելուց հազարավոր խախտումների և չարաշահումների է կարելի հանդիպել, և դրանց պետք է վերջ տրվի, իսկ մնացածի մասին` ով ում է միանում, չգիտեմ»,- ասաց Իսպիրյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը չի հերքել, որ նման ցանկություն կա, նա ասաց, որ ցանկություններով չի ուղղորդվում: «Ցանկությունը քիչ է, և դա պետք է հաստատվի կառավարությունում, իսկ կառավարությունը կհաստատի, թե ոչ, հետագայում կերևա»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:
Անդրադառնալով Մշակույթի նախարարության միավորմանը ԿԳ նախարարությանը՝ Արթուր Իսպիրյանն ընդգծեց. «Ես, լինելով մշակույթի մեջ, ընդհանրապես չեմ գնացել նախարարություն: Մեկ անգամ եմ դիմել մեկ հարցով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` Արտեմի Այվազյանի 110 ամյակի կապակցությամբ ֆիլմի թողարկման հարցով: Հասմիկ Պողոսյանն ինձ գումար է տրամադրել, մի մասն էլ մենք ենք ընկերներով տվել, որպեսզի այդ 15 րոպեանոց ֆիլմը իրականանա: Դա էր եղել իմ առնչությունը նախարարության հետ: Ընդհանրապես, երբ ես մտնում էի այդ շենք, տեսնում էի շատ աշխատողներ: Միգուցե, ես սխալ էի, երբ մտածում էի, թե ինչով են զբաղվում բոլոր այդ աշխատողները»,- ասաց նա:
Իսպիրյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որ այս ձևաչափով արդյունավետ լինի նախարարության աշխատանքը: «Ամեն ինչ կանեմ, որ մշակույթը չտուժի դրանից, շատ մարդիկ, որ ասում են` վա~յ մշակույթի նախարարությունը փակվեց, այդպիսի բան չկա, այդպիսի բան գոյություն չունի, ավելի արդյունավետ կաշխատեն և ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կընդգրկվեն: Մշակույթը հաստատ չի տուժելու, ես համոզված եմ»,- եզրափակեց նա:
Ամալյա Առաքելյան










