ԲՀԿ-ն առաջարկում է ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրեր կնքել. հարցը՝ կառավարության օրակարգում

16:15 • 27.02.19

Վաղը կառավարության հերթական նիստին կքննարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունումը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքի  95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագ­րու­թյամբ, որը հնարավորություն կտա ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ հա­մա­տեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել (կնքված աշխատանքային պայմա­նա­գրե­րը դարձնել) որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանա­գրե­րի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել:

Ըստ կառավարության եզրակացության` նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բա­ցա­ռու­թյու­նը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար: Հակա­ռակը, հիմնավորման մեջ ներկայացված փաստերը վերաբերելի են բոլոր աշխատողներին:

Այսպիսով ամփոփելով՝ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար Նախագծով տրված բացառությունը նախատեսելը կառավարությունը գտնում է ոչ նպատակահարմար: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: