Հայկական ամենամեծ՝ հանրային ռադիոյի արխիվը թվայնացվել է. ձայնագրությունները փրկվել են. ռադիոյի ներկայացուցիչներ

15:11 • 27.02.19

Վերջին երկու տարիների ընթացքում հանրային ռադիոյի աուդիոարխիվը, հայկական ամենամեծ աուդիոարխիվը թվայնացվել է, և ձայնագրությունները, որոնք, կածես թե, կործանման եզրին էին, փրկվել են. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրային ռադիոյի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Ուդումյանը:

«Այսօր մենք արդեն մեկնարկում ենք կայքի armradioarchive.am բացման աշխատանքները, որտեղ անվճար բոլորին հասանելի են լինելու մեր ձայնագրությունները: Աշխատանքներն ամեն օր են կատարվում, ուստի  կայքն օրեցօր դառնալու է ավելի հարուստ ու բազմազան»,- ասաց Ուդումյանը:

Ասուլիսին ներկա էին հանրային ռադիոյի երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանը, ձայնադարանի և թվայնացման ղեկավար Արթուր Իսպիրյանը, immusic.am ընկերության հիմնադիր Լևոն Նախարշյանը, որի հետ իրականացվել է նախագիծը, և «Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Արթուր Ասատրյանն իր խոսքում նշեց, որ 34 թվականից հայկական ռադիոյի արխիվն ունեցել է ձայնագրություններ, որոնք սկզբնական շրջանում արվել են Մոսկվայում, իսկ 54 թվականից արդեն սկսվել է արխիվի ձայնագրությունները հենց այս ստուդիայում: «94 թվականին արդեն կանգ է առել արխիվացման պրոցեսը, որովհետև պայմանները վատն էին: Հիմա ստուդիան նոր է բացվել, և 2019 թվականի ձայնագրություններն էլ կարող են երկար տարիներ հետո համալրել մեր արխիվը»,- ասաց նա:  

Արթուր Իսպիրյանը նշեց, որ այսօր շատ կարևոր օր է, որովհետև 91 տարի արխիվը հանրության համար փակ է եղել: «Այսօր առաջին անգամ մենք կայքի միջոցով կարող ենք մտնել և լսել արխիվում գտնվող մեր հայկական ձայնագրությունները՝ սկսած 34 թվականից: Ունենք մոտավորապես 30 հազար հայկական ձայնագրություն, որից 8000-ը այս երկու տարվա ընթացքում թվայնացվել են: Ունենք մոտ երեք տարվա աշխատանքներ անելու, քանի որ պրոցեսը երկար է, ձայնագրությունները թվայնացնելուց հետո նաև մաքրման աշխատանքներ են կատարվում»,- պարզաբանեց նա:

Լևոն Նաղարշյանն էլ ասաց, որ մոտ երկու տարի առաջ հրավեր են ստացել հանրային ռադիոյի կողմից: «Առաջարկն այնքանով էր հետաքրքիր, որ բացի նրանից, որ պետք էր օգտատերերին ցույց տալ երաժշտություն, պետք էր նաև ընդհանուր կենսագրական ինֆորմացիա, լուսանկարներ լինեին: Կայքն իրենով էլեկտրոնային երաժշտական հանրագիտարան է»,- ասաց նա և նշեց, բաժինները շատ են:

Վերջինս տեղեկացրեց, որ լսելն անվճար է, իսկ ներբեռնել հնարավոր չէ:  «Փորձել ենք նաև նորագույն որոնման համակարգ ինտեգրացնել կայքի հետ, որը մեզ թույլ է տալիս անգամ սխալներով գրել և գտնել ճիշտ արդյունքներ»,- ասաց նա: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի տնօրենն էլ նշեց, որ իրենց հիմնադրամի խնդիրը հայկական մշակութային ինտելեկտուալ ժառանգության բարձրացնելն է համաշխարհային մակարդակով: «Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացրել, օրինակ՝ հայերենով «Վիքիփեդիայի» հարստացումը: Կապը մեծ է հայկական ռադիոյի արխիվի թվայնացման նախագծի և այն ամենի միջև, ինչ մենք արել ենք: Սա այդ ամենի շարունակությունն է»,- շեշտեց նա:

Նշենք, որ հանրային ռադիոյի արխիվը հայկական ձայնային ամենամեծ արխիվն է: Այստեղ է պահպանվում մոտ 100 000 ձայնագրություն՝ երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ, ռադիոբեմադրություններ և այլն: 2017 թվականից սկսվել է ձայնադարանի թվայնացումը, որի ընթացքում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ֆոնդի մշակման, ձայնագրությունների որակի բարձրացման, երկարատև պահպանման նպատակով:

Ամալյա Առաքելյան

Հայկական ամենամեծ՝ հանրային ռադիոյի արխիվը թվայնացվել է. ձայնագրությունները փրկվել են. ռադիոյի ներկայացուցիչներ