Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը, դատարանի դահլիճում ընթերցվել է Ղազարյանի դատավճիռը, հայ գերին պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
ՀՀ քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում էր երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:












