Փաշինյան-Ռոհանի հանդիպմանն ավելի բաց հայտարարվեց, որ ՀՀ-ն պատրաստ է էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ բանակցություններ վարել․ իրանագետ
Թեհրանում Փաշինյան-Ռոհանի հանդիպմանը հիմնականում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգում եղած հարցերը, որոնք երկու երկրների կառավարությունները մշտապես պահել են իրենց ուշադրության կենտրոնում:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Ռոհանիի հետ հանդիպումից հետո եղած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին: «Էներգետիկա, տրանսպորտ, տուրիզմ, արդյունաբերություն և այլն: Այս ոլորտներում համագործակցությունն է, որ գտնվում է երկու երկրների ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:
Արմեն Իսրայելյանի նկատառմամբ՝ այս այցն առանձնացավ նրանով, որ ավելի ընդգծված խոսվեց գազի ոլորտում համագործակցության մասին: «Հայաստանի իշխանություններն ավելի հստակ ներկայացրին իրենց պատրաստակամությունը ներկրվող իրանական գազի ծավալների մեծացման և այն իր միջոցով տարանցելու վերաբերյալ: Այս անգամ ավելի բաց հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»,- ասաց նա:
Իրանագետը մատնանշեց, որ այս հանդիպմանը նաև խոսվել է մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին, ներդրումների խրախուսման, Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ էներգետիկ համագործակցության մասին, որին հնարավոր է, որ միանա Ռուսաստանը, խոսվել է նաև Պարսից ծոցը Հայաստանի միջոցով Սև ծովին միացնելու և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունն ավարտելու սառած նախագծի մասին:
«Այն կարևոր ոլորտների մասին, որոնց վերաբերյալ փորձագետները խոսում էին, քննարկումներ եղել են, և բարձր մակարդակով հայտարարվել է, որ կա քաղաքական կամք՝ այդ ոլորտներում համագործակցությունը խորացնելու»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ինչի վրա հիմնվելով կարող ենք հույս ունենալ, որ այս անգամ Հայաստանի և Իրանի միջև տարիներ շարունակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, Արմեն Իսրայելյանն արձագանքեց, որ դժվար է հարցին պատասխանել:
«Բայց շատ հաճախ գործընթացների դանդաղումը պայմանավորված է լինում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրներում տեղի ունեցող զարգացումներով: Հետևաբար` յուրաքանչյուր կառավարություն իր գործունեության հետ կապված իր առանձնահատկություններն ու իր խնդիրներն ունի»,- ասաց նա:
Իրանագետի խոսքով՝ պետք է պարզապես այլ մեթոդով աշխատել: «Պետք է ոչ թե երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կապել երկու երկրներում եղած այս կամ այն կառավարություններով, այլ փորձել զարգացնել հարաբերություններն ամեն դեպքում: Երկու երկրների ղեկավարների կողմից հստակ հանձնարարական է տրվել, որ երկու իրենց գերատեսչություններն սկսեն աշխատել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ:
Եվ հարցը հենց դա է, որ երկու տարբեր երկրներ են, կան խնդիրներ՝ և՛ օրենքների հետ կապված, և՛ տարբեր ընթացակարգերի: Գերատեսչությունների և փորձագետների դերն այն պետք է լինի, որ նրանք բարձրացնեն խնդիրները և փորձեն հետևողականորեն դրանց լուծումը տալ»,- ասաց նա:
Իսկ թե որքանով է հնարավոր, որ էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածություն ունեցող Հայաստանն ընդլայնի այդ ոլորտում իր համագործակցությունը Իրանի հետ: Արմեն Իսրայելյանի խոսքով՝ գուցե Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում մենք կաշկանդված լինենք, բայց դա բանակցությունների և քաղաքական որոշումների տիրույթում հնարավոր է վերացնել:
«Պետք է աշխատել, պետք է համոզել, պետք է բանակցել: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն Ռուսաստանն է, այլ նաև բանակցություններ պետք է տարվեն Վրաստանի հետ: Օրինակ՝ եթե Վրաստանն ու Ռուսաստանը, ունենալով խիստ լարված հարաբերություններ, կարողանում են որոշակի հարցերում համաձայնություն ձեռք բերել, ապա Հայաստանն էլ կարող է Ռուսաստանի հետ բանակցել»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանում էներգետիկ ծրագրերում քաղաքական նախաձեռնություն է․ այդպես մեծանալու է Հայաստանի կշիռը տարածաշրջանում:
Անդրադառնալով Հայաստանի կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանին աջակցելուն՝ Արմեն Իսրայելյանը նկատեց՝ դա արժանանում է Իրանի ուշադրությանն ու շնորհակալությանը: «Հայաստանը, որպես պատասխան, ակնկալում է նման վերաբերմունք Արցախի հարցում: Սա ընդունված է երկրների միջև: Իրանի կողմից ընդգծված է, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ ճանապարհով և միջազգային չափանիշներին համապատասխան:
Սա Իրանի դիրքորոշումն է, որը ներկայիս պայմաններում լավագույնն է: Իհարկե, կարծում եմ՝ այս հարցի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ եղել են: Համենայն դեպս այսպիսի հայտարարությունը վկայում է, որ մեծ հաշվով երկու երկրների շահերը համընկնում են, և երկու երկրների ղեկավարների հայտարարությունները ևս փաստում են, որ տարածաշրջանում շատ հարցերում երկու երկրների տեսակետները համընկնում են»,- ասաց նա:










