Հարավաֆրիկյան Հանրապետությունում հոգևոր հովվին պատրաստվում են դատի տալ՝ «հանգուցյալին վերակենդանացնելու» շոուի համար (տեսանյութ)

14:25 • 27.02.19

Հարավաֆրիկյան Հանրապետությունում սգո ծառայություններ մատուցող 3 բյուրո մտադիր է դատի տալ ինքնահռչակ «մարգարեին», որն ամբոխի աչքի առաջ «հանգուցյալին վերակենդանացրել» էր՝ իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար, քանի որ հոգևոր հովիվն այդ շոուի համար օգտվել էր իրենց տրամադրած ծառայություններից, գրում է dailymail.co.uk-ը:


Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող Alleluia Ministries International եկեղեցու հոգևոր հովիվ Ալֆ Լուկաուն, նայելով դագաղի մեջ, որում մարդ է պառկած, ամբոխի աչքի առաջ բացականչում է «Ոտքի կանգնիր», և մահացածը հանկարծ վեր է կենում իր տեղից:


Այժմ սգո ծառայություններ մատուցող բյուրոները մտադիր են դատի տալ ինքնահռչակ «մարգարեին»՝ «այդ ներկայացմամբ» իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար: Բյուրոներից հայտնել են, որ իրենց մոլորության մեջ են գցել, հակառակ դեպքում իրենք այդ արարողությանը չէին մասնակցի:


«Հարության» գործընթացը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից ոչ հեռու:


«Հրաշքներ չեն լինում»,- պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մշակութային, կրոնական համայնքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք հորինում են՝ «վատ դրության մեջ հայտնված մարդկանցից գումար շորթելու նպատակով»:


Լուկաուի Alleluia Ministries International եկեղեցին չի պատասխանել BBC-ի՝ դեպքը մեկնաբանելու վերաբերյալ հարցմանը:


Sowetan թերթը գրում է, որ եկեղեցին այժմ հերքում է, թե մարդը հարություն է առել, և վստահեցնում է, որ «հանգուցյալն արդեն ողջ էր», երբ բերվել է եկեղեցու մոտ: Եկեղեցին հայտարարել է, որ հոգևոր հովիվ Լուկաուն «ընդամենն ավարտին է հասցրել Աստծո սկսած հրաշքը»: