ԿԲ կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի միջակայքում․ Արթուր Ջավադյան

17:18 • 03.06.19

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի միջակայքում։ Ըստ Ջավադյանի՝  գնաճի նման կանխատեսմանը հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը:

«Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը»,-ասաց  Ջավադյանը:

ԿԲ նախագահը նշեց, որ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցություն ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա:

«Տնտեսական աճի վրա մյուս 2 տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ: Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9%-ի միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,- նշեց Ջավադյանը:

Արթուր Ջավադյանը նշեց, որ 2019-ի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9%՝ հիմնականում պայմանավորված իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և թույլ պահանջարկի ազդեցությամբ:

«Ելնելով դրանից, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային դանդաղման միտումները՝ եռամսյակի սկզբին ԿԲ-ն անհրաժեշտ է գտել փոքր-ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը և վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով այն 5.75 տոկոս»,-ասաց Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ այս տարվա մարտին և ապրիլին ԿԲ-ն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ խթանման չափը գնահատելով բավարար: Նա նկատեց, որ ամեն դեպքում ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը:

«Մեր գնահատմամբ՝ ներկայում ցածր գնաճը նպաստում է երկարաժակետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը»,-նշեց նա:

Արթուր Ջավադյանը նաև նշեց, որ ԿԲ-ն գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի պահպանել խթանող դրամավարկային քաղաքականության պայմանները՝ գնաճի նպատակի իրագործման համար: «Համաձայն մեր գնահատականների՝ կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսումներից շեղման ռիսկերը ելքերի ուղղությամբ են՝ պայմանավորված հիմնականում գործընկեր պետությունների զարգացումների և 2018-ի պետբյուջեի կատարման ընթացքով»,- նշեց Ջավադյանը։

Նա շեշտեց, որ ցանկացած ռիսկերի դրսևորման դեպքում կվերլուծեն իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դրամավարկային քաղաքականությանը համապատասխանորեն կարձագանքեն՝ երաշխավորելով միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովումը: