Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել (թարմացված)
4.18
Վրաստանի խորհրդարանական շենքի դիմաց շարունակում են բողոքի ցույց անցկացնել տասնյակ ցուցարարներ: Ինչպես հայտնում է Sputnik Грузия-ն, ցուցարարները մտադիր չեն հեռանալ: Ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում ցուցարարներին ցրելու ուղղությամբ:
2.49
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապակայունացման կոչեր չեն անում: Ներկա են եղել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի և Լիտվայի դեսպանները:
01.39
Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչները մասնակիցներին կոչ են արել հեռանալ և ակցիան շարունակել շաբաթ երեկոյան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը: Նա նշել է, որ գեներատորն ինչ-որ մեկը տարել է, էլեկտրականություն չկա և, բնականաբար, բարձրախոսները չեն աշխատում: Նրանք դժգոհ են կազմակերպիչների կողմից հնչած ցրվելու կոչից: Մասնակիցներից շատերը մտադիր չեն հեռանալ:
23։54
Թբիլիսիի նախկին քաղաքապետի ուղղությամբ շշեր են նետել, տեղեկացնում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը: Ցուցարարներին դուր չի գալիս, որ որոշ ընդդիմադիր կուսակցությունները փորձում են «վերմակն իրենց կողմը քաշել» և բողոքի ակցիան օգտագործել քաղաքական նպատակներով: Հենց այդ պատճառով ցուցարարները շշեր են նետել Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Գիգի Ուգուլավայի ուղղությամբ, որ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բողոքի շարժմանը:
22։03
Վրաստանի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել Բաթումի քաղաքի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ: Ականատեսների տվյալներով՝ երիտասարդ տղամարդը ոչ պատշաճ կերպով է արտահայտվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին: Նրան բերման են ենթարկել խուլիգանության մեղադրանքով:
21։59
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդվում է երկրի խորհրդարանի կայքում: Համապատասխան որոշում է կայացվել կուսակցության քաղխորհրդում: Որոշումը կայացվել է նախորդ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Կոբախիձեի հրաժարականը ևս ցուցարարների պահանջներից մեկն էր:
21։57
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եղել է Թբիլիսիի Բժշկական տեխնոլոգիաների կենտրոնում (Ինգորոկվայի անվան համալսարանական կլինիկա), որտեղ այցելել է նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժածներին:
«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտապ օգնության աշխատակիցներին, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք այս րոպեներին հոգ են տանում մեր քաղաքացիների մասին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
21։34
Հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է գտնվում, որոնցից 3-ը՝ վերակենդանացման բաժնում:
21։23
Վրաստանում ոստիկանությունը հարցաքննության է կանչել երկրի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր շարժման առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին՝ Թբիլիսիի կենտրոնում անկարգությունների կազմակերպման մասին գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
Նախարարությունը շարունակում է հետաքննությունը խմբակային բռնության կազմակերպման գործով: Հարցաքննության կհրավիրվեն նաև պատգամավոր, Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նիկանոր Մելիան և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության առաջնորդ Գեորգի Ուգուլավան:
21։00
Վրաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ասվում է, որ հունիսի 20-ին վրաց խորհրդարանի առաջ տեղի ունեցած արյունալի գործողությունների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարության և անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա: «Հենց Բիձինա Իվանիշվիլին պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ի իրադարձությունների համար»,– ասվում է հայտարարության մեջ:
20:29
Հանրահավաքն ավելի ու ավելի մարդաշատ է դառնում Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, որտեղ արդեն մի քանի հազար մարդ է հավաքվել: «Մենք չենք հեռանա այս տարածքից, քանի դեռ Գախարիան (երկրի ՆԳ նախարարը – Tert.am) չհեռանա իր պաշտոնից»,- ասել է ցուցարարներից մեկը: Մարդիկ հանրահավաքին գալիս են նաև երեխաների հետ: Ցույցը վերահսկողության տակ են առել ուսանողները, որոնք հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ:
20:27
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ խորհրդարանի առաջ հավաքված ցուցարարները պատրաստվում էին մոլոտովյան կոկտեյլներ կիրառել: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է տարեց տղամարդու ձերբակալման մասին, որը, քննության տվյալներով, նախատեսում էր մոլոտովյան կոկտեյլներ կիրառել Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցի ժամանակ:
20։17
Ցուցարարները սուլոցներով են ընդունել Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեին, որը փորձել է ելույթ ունենալ ցուցարարների առաջ, այս մասին հաղորդում է «Սպուտինիկ Վրաստան» գործակալությունը։
«Երեկ այս իշխանությունը մեզ ցույց տվեց իր դեմքը: Մեր պահանջները նույնն են մնում. Գախարիայի (երկրի ՆԳ նախարարի – Tert.am) հրաժարականը, համամասնական ընտրություններ, որոնք ժողովրդին հնարավորություն կտան ընտրելու այն իշխանությանը, որը ցանկանում եք»,- ասել է Վաշաձեն, որին հավաքված բազմությունը մի քանի անգամ ընդհատել է սուլոցներով։
19։57
Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցող ցույցի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել: «Մենք երեք ժամ ենք տալիս ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային, որ հեռանա իր պաշտոնից այլապես մենք խաղաղ երթ կսկսենք Արևմտյան Վրաստանից, որպեսզի այստեղ հավաքվենք մեծ ուժերով և մերկ ձեռքերով մաքրենք այս իշխանությունը», - հայտարարել է ակցիայի մասնակիցը՝ ելույթ ունենալով հարթակից:
19։29
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի կոչին ի պատասխան նրա աջակիցներն այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում և վերսկսել բողոքի ցույցերը։
Թբիլիսյան իրադարձությունները «Արմնյուզ»–ի եթերում մեկնաբանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից:
Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից:










