Կարծում ենք` Nouvelles d’Arménie-ի վրա հարձակման հետևում կանգնած են թուրքերը. ցանկանում էին ցույց տալ, որ կարող են նաև ֆիզիկապես վնասել. Մուրադ Փափազյան
Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառույցների վրա կատարված երկու հարձակումները կապված են միմյանց հետ: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառույցների վրա տեղի ունեցած հարձակումներին, ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Nouvelles d’Arménie-ի տնօրենը համայնքում մեծ համարում ունի: Նա, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների նախագահ Արա Թորանյանը և ես CCAF-ի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ ենք, հետևաբար՝ այս միասնական կառույցի պատասխանատուներս հայ ժողովրդի թշնամիների համար թիրախ ենք»,-ասաց Փափազյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում էր տեղի ունեցել Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Arménie ամսագրի խմբագրության վրա: Այստեղ հանցագործները կոտրել էին խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ, երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ: Դեպքից հետո էլ հարձակում էր եղել Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում գտնվող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա:
Փափազյանի խոսքով` Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Nouvelles d’Arménie-ի վրա կատարված հարձակման հետևում կանգնած են թուրքերը, ընդ որում` այս հանցագործությունը կատարվել է երկու նպատակով.
«Առաջին պատճառը տեղեկություններ հավաքելն է, երկրորդը` վախի մթնոլորտ ստեղծելը: Ցանկանում էին ցույց տալ, որ կարող են նաև ֆիզիկապես վնաս հասցնել: Վստահ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում թե՛ պատգամավորները, թե՛ կուսակցությունները, թե՛ մտավորական շրջանակների ներկայացուցիչները, թե՛ լրագրողները մեր կողքին են, սատարում են մեզ»,-նշեց Փափազյանը:










