Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները կմեծացնենք և կուղղենք պաշտպանության մակարդակի բարձրացմանը․ վարչապետը՝ ԱԺ-ում բյուջեի քննարկմանը
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տնտեսական աճի կանխատեսումն այսօր շատ ավելի մեծ է, բայց կառավարությունն առաջնորդվում է առավել պահպանողական սցենարով:
«Բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»,-ասաց նա և նշեց, որ այդ առումով նույն
2018-ին կանխատեսել էին 4,5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ 5,2 տոկոս են ապահովել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գրեթե ակնհայտ է, որ 2019-ի 7%-ին մոտ տնտեսական աճ են ունենալու, բայց ԿԲ-ն 6,9 է գնահատում: Միջազգային կառույցներն էլ իրենց նախկին կանխատեսումները փոխել են դրական առումով, ավելի բարձր են կանխատեսում:
Վարչապետը, եկամուտների և ծախսերի ցուցանիշների մասին խոսելով, ասաց, որ 2020 թ. նախատեսված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ, որը 2018 թ. համեմատ 27,4% աճել է, ծախսերի աճը 29, 9 % է, այսինքն՝ 30 % աճ ունեք բյուջեում:
Նա նշեց, որ առողջապահության ոլորտում 18 թ. համեմատ բյուջետային հատկացումների 33 % աճ կա, 41 % աճ կրթության, մշակույթի, սպորտի ոլորտում, աշխատանքի և սոցհարցերի ոլորտում՝ 21 % աճ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս շատ են խոսում պաշտպանական ծախսերի մասին: «Մենք 2018-ի համեմատ պլանավորել ենք հատկացումների 25,3 % ավելացում»,-ասաց նա: Ռազմական ծախսերի հարցում, Փաշինյանի խոսքով, ունեն որոշակի կարգավորում, որը չպետք է անցնի ՀՆԱ-ի 4 %-ը: «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում ունենք փոփոխություն և մի փոքր այլ տրամաբանությամբ են վարվելու, վերջին շրջանի փոփոխության արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և արդյունքները կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կարևոր է արձանագրել, որ իրենք որոշակի տնտեսական ակտիվություն են ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում:
Մոտավոր 200 000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»,-ասաց նա: Նա ասաց, որ 2020-ից կենսաթոշակները 10 %-ով կբարձրանան, երեխայի նպաստի միանվագ բարձրացում կլինի, ուժայինների աշխատավարձերը միջինը 10 %-ով կբարձրանա, նաև՝ փրկարարների, անտառապահների և այլն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2020 թ. բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հարցում կտեսնենք պահպանողական մոտեցում, որը իրենց քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ավելի ցածր է: «Բայց այս տարի մեր ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, որը արձանագրված է 2020-2022 թթ. ծրագրում`7-8 % տնտեսական աճերի, և այն իրատեսական եմ համարում, քանի որ արդեն իսկ այն կարելի է տեսնել անզեն աչքով»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում, և կարևոր խնդիրը իրենց համար կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ նախատեսել են:
Վարչապետն ասաց, որ կապիտալ ծախսերի թերակատարում կա, և բացատրեց, թե ինչու: «Առաջինը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Եթե նախկինում ենթադրաբար, այսպես կոչված, «ատկատները» համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի։ Ես չեմ կարող վստահ լինել, որ այդպիսի երևույթներն իսպառ բացառված են, բայց դրանում ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ այսօր, վաղը, մի ամսից` իրենց հետևից անպայման գալու են։ Որևէ մեկը թող չկասկածի, որ կարող է խուսափել պատասխանատվությունից»,-ասաց նա և նաև նշեց, որ բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները բարձրացնելու խնդիր կա:
«Հիմա ես ՀՀ տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ, որպես ՀՀ վարչապետ, լավատես եմ և վստահ եմ առավել, քան երբևէ: ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր խնդիր է ամեն ինչ անել, որ ոչ միայն չկոտրվի, այլ հընթացս արագանա, և հասնենք այնպիսի ցուցանիշների, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ ու արդյունավետ և քաղաքացիների համար լինեն տեսանելի»,-ասաց նա:










