Էլիզաբեթ 2-րդը մեծ ոգևորությամբ է ընդունել Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակին Ջեյմս Բոնդի դերակատարի հետ համատեղ մասնակցելու գաղափարը (տեսանյութ, լուսանկարներ)

11:47 • 28.10.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի դերձակ Անջելա Քելլին իր նոր գրքում բացահայտել է, որ «ընդամենը 5 րոպե» է պահանջվել, որպեսզի համոզի թագուհուն ընդունել ռեժիսոր Դենի Բոյլի խնդրանքն ու իր մասնակցությունն ունենալ 2012 թվականի Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակի պատրաստմանը, գրում է Daily Mail-ը:

Անջելա Քելլին, որը գրեթե 25 տարի եղել է միապետի դերձակը, պատմել է, թե ինչպես է 2011 թվականին այդ գաղափարը քննարկել ռեժիսոր Դենի Բոյլի և թագուհու անձնական քարտուղար Էդվարդ Յանգի հետ:

«Ես նրանց խնդրեցի ինձ հինգ րոպե տրամադրել թագուհուն հարցնելու համար: Աստիճաններով վեր սուրացի և, բարեբախտաբար, թագուհին ազատ էր»,- հայտնել է նա և հավելել, որ թագուհին մեծ ոգևորությամբ է ընդունել այդ մտահղացումը:

«Նա անմիջապես համաձայնեց»,- հայտնել է Քելլին:

Հոլովակում խոսելու վերաբերյալ հարցին թագուհին պատասխանել է. «Անկասկած: Իհարկե մի բան պետք է ասեմ: Ի վերջո, նա (Ջեյմս Բոնդը) ինձ փրկելու է գալիս»:

«Հարցրի՝ ի՞նչ կցանկանա ասել՝ «Բարի երեկո, Ջե՞յմս», թե՞ «Բարի երեկո, պարոն Բոնդ»: Նա, ծանոթ լինելով Բոնդի մասին պատմող ֆիլմերին, ընտրեց վերջին տարբերակը»,- պատմել է Քելլին:

Նրա խոսքով՝ ուրախալի լուրը հայտնելիս Բոյլը ոգևորությունից քիչ է մնացել ցած ընկնի աթոռից:

2012-ին Էլիզաբեթ 2-րդ թագուհին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակի նկարահանումներին։ Դրանում Ջեյմս Բոնդը (Դենիել Քրեյգ) նրա հետևից գնում է Բուքինգհեմյան պալատ, և նրանք միասին ուղղաթիռով ուղևորվում են խաղերի բացման արարողությանը:

 

Image result for james bond and queen

Image result for james bond and queen

Էլիզաբեթ 2-րդը մեծ ոգևորությամբ է ընդունել Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակին Ջեյմս Բոնդի դերակատարի հետ համատեղ մասնակցելու գաղափարը (տեսանյութ, լուսանկարներ)