«Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված 9.8 մլն դոլարն ամենաքիչն է՝ 2006-ից ի վեր. ինֆոգրաֆիկա

12:37 • 29.11.19

Այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է. առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է:

2018-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած առաջին հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 2019-ի արդյունքից 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար դոլար:

2018-ի հեռուտամարաթոնից օրեր առաջ վարչապետ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ աշխարհասփյուռ հայերին կոչ էր արել մասնակցել ազգային դրամահավաքին, նշելով, որ երաշխավորում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները լիարժեք կծառայեն իրենց նպատակին:

Չնայած նրա հորդորին՝ հավաքված գումարի չափը նախքան իշխանափոխությունը գրանցված վերջին տվյալից քիչ էր կազմել. Իշխանափոխությանը նախորդած տարում՝ 2017-ին հանգանակվել էր 12.5 մլն դոլար:

Այս տարի Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019», որի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

 

Ավելի վաղ՝ 2016-ին հանգանակված գումարի կազմել էր մոտ 15.5 մլն դոլար: 

2015-ին հանգանակված գումարը 10.3 մլն դոլար էր կազմել, իսկ 2014-ինը՝ 12.4 մլն դոլար:

2013-ին Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 22 661 372 ԱՄՆ դոլար, 2012 Համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

2011-ի նվիրատվությունների չափը կազմել է12 մլն 286 հազար ԱՄՆ դոլար, 2010-ին՝ 20.8 մլն:

2009 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակությունների չափը կազմել է 15 մլն 875 հազար ԱՄՆ դոլար:

2008-ին արձանագրված թիվը ռեկորդային է եղել՝ ավելի քան 35 մլն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքի տվյալներով՝ 2007-ին հանգանակվել է ավելի քան 15 մլն դրամ, իսկ 2006-ին՝ 13.7 մլն դրամ: