ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը

23:36 • 03.12.19

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը մտադիր է հաջորդ շաբաթ քննարկել Թուրքիայի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Կոնգրեսի Վերին պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը:

«Հաջորդ շաբաթ մենք հնարավորություն կունենանք արտահայտվելու այս թեմայի շուրջ: Մենք իսկապես մտադիր ենք դիտարկել Թուրքիայի հարցով օրինագիծը»,-ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի շուրջ ԱՄՆ քաղաքականությանը նվիրված լսումներում:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը՝ կապված Սիրիայում թուրքական ռազմարշավի և ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը գնելու հետ, Ներկայացուցիչների պալատն ընդունել էր հոկտեմբերի վերջին: