Եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները՝ հետապնդելով հակառակորդներին, թուլացնում է դրանք. Աճեմօղլուն կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը
Տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կոչ անելով կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Նա հատկանշական է համարել Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի՝ հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: «Վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում այն ուղղել քաղաքական հակառակորդների դեմ»,-նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ հակակոռուպցիոն քաղաքականության այդ ձևը բացասական է ազդում պետական կառավարման համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի վրա.
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմնի հեղինակությունը: Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղիով»,-ասել է Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է:










