Տնտեսական ճգնաժամը մեր դուռն է թակում, իսկ մենք, այս խնդիրը թողած, զբաղվում ենք հանրաքվեով. սա լուրջ չէ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Նավթի գինն ընկնում է, դրան զուգահեռ նաև ռուբլին է արժեզրկվում, պղինձի գինը ևս նվազում է, մինչդեռ, օրինակ, 2019 թ.-ին Հայաստանից արտահանվող պղնձի քանակը 32%-ով աճել է. Այս ամենի տնտեսական հետևանքների, Հայաստանի վարած քաղաքականության և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից արտահանումները շատ կենտրոնացված են, մեծամասամբ գնում են դեպի ռուսական շուկա, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է էկզոտգեն շոկերի նկատմամբ: Տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանում կարող է կրկնվել 2009 թ.-ի պատկերը, երբ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ճգնաժամը շրջանցել է Հայաստանը:
«Այդ ելույթն աչքիս առաջ է, երբ նա ասում էր՝ եթե մենք կարողանանք ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, ապա Հայաստանը սրանից շահումով դուրս կգա, որովհետև փողը, որը դուրս կգա այլ շուկաներից, կգա Հայաստան, բայց ՀՀ-ն ունեցավ ամենամեծ անկումն ապրած տնտեսություններից մեկը: Երբ այս իշխանությունները խոսում են տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում ենք, որ տնտեսական հեղափոխություն կլիներ, եթե տեղի ունենար տնտեսության կառուցվածքի փոփոխություն, ինչը չունենք: Հույսը դրել ենք հանքանյութի, կոնյակի վրա, և այլ բան չենք արտադրում»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին՝ այժմ էլ մեր կառավարությունը նույն կերպ չի՞ առաջնորդվում, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը՝ հաշվի առնելով, որ վարչապետը արձակուրդ է վերցրել և «Այո»-ի քարոզարշավն է առաջնորդում, տնտեսագետը պատասխանեց, թե դա տարակուսելի է, քանի որ այս պայմաններում պետք է խորհել, հասկանալ՝ ինչով է Հայաստանը դիմագրավելու այս տնտեսական և քաղաքական ճգնաժամին:
«Կեղծ օրակարգով քարոզարշավի ենք ականատես լինում: Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է այս ճգնաժամերի նկատմամբ: Նավթի գների ընկնելը մի կողմից լավ կլինի, որովհետև բենզինը կէժանանա, բայց տրանսֆերները, արտահանումները կնվազեն, երկիրը կկանգնի մեծ տնտեսական խնդիրների առաջ: Անցած տարվա տնտեսական աճը մենք ունեցել ենք առևտրի և ծառայությունների հաշվին, ինչը, բնականաբար, ոչ թե աճ է եղել, այլ եղել է ստվերից դուրս բերում, ավել տպված ՀԴՄ կտրոններ, մեքենաների և հանքանյութի արտահանում: Հիմա լրացուցիչ առևտուր չի լինի. ինչքան ՀԴՄ տպվում էր, նորից այնքան տպվելու է, միանգամյա էֆեկտ էր: Հանքանյութը, պղինձը, մոլիբդենը էժանանում են: Այս պայմաններում տնտեսական աճի որևէ նախադրյալ չկա, տնտեսական ճգնաժամը մեր դուռն է թակում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տնտեսական ճգնաժամերը բերում են նաև քաղաքական ճգնաժամերի:
«2016 թ.-ին՝ նավթի գների անկման ֆոնին Ադրբեջանը ժողովրդի ուշադրությունը բարեկեցության անկումից շեղելու համար գնաց Ապրիլյան պատերազմի, և չեմ բացառում, որ նույնը կլինի նաև այս տարի: Եթե նավթի գներն սկսեն կատաստրոֆիկ ընկնել, շատ վատ է լինելու ադրբեջանական տնտեսության վիճակը: Ինչ պետք է անեն, մանավանդ՝ ընտրությունների նախաշեմին: Նաև Հայաստանի ներսում կարող է խնդիր առաջանալ, երբ մարդկանց բարեկեցությունը նվազի»,-ասաց նա՝ նշելով, թե Հայաստանում լայնաֆորմատ քաղաքական կոնսուլտացիաների, հասարակության համերաշխությունն ավելացնելու, միասնաբար խնդիրները լուծելու փոխարեն իշխանություններն էլի գնում են «հներ»-«նորեր», «սևեր»-«սպիտակներ» բաժանման ճանապարհով:
«Պետք է տնտեսությունը հնարավորինս զարգացնել: Միայն ասելով, որ կոռուպցիա չկա, մոնոպոլիա չկա, տնտեսությունը չի զարգանա: Նաև՝ շատ վիճելի է, որ մոնոպոլիա չկա, որովհետև եթե ասենք՝ իսկ ինչ մոնոպոլիա կար, օրինակ, 2018թ.-ի հունվարին, որ 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին չկա, վստահ եմ, որ կոնկրետ անունով կդժվարանան նշել»,-ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով՝ՀՀ կառավարությունը չի կատարում առկա մարտահրավերներին հակազդելու քայլեր:
«Մեր առաջարկած բաղադրատոմսը պետական ավելի ակտիվ միջամտությունն է, որովհետև եթե շուկան քայլեր չի անում, պետությունը պետք է անի: Պետք է կարգավորել այնքան, ինչքան անհրաժեշտ է, բայց այս կառավարության կողմից ես չեմ տեսնում քայլեր, որոնք ուղղված են՝ կանխելու ճգնաժամի հնարավոր բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Կարծես թե մոլիբդենի, պղնձի, նավթի գների անկումը Հայաստանին չի վերաբերում: Վախենամ, որ մեզ մոտ կկրկնվի 2009թ.-ի պատկերը: Այս լուրջ խնդիրները թողած՝ զբաղվել հանրաքվեով, կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ: Երկրի առաջ ծառացած շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք լուծման են սպասում»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










