Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրարձավ իր և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։ Սիմոնյանը պատմեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։
«Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև ..., ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ լինել անկեղծ և պատմել գրեթե ամեն ինչ։ Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմեց Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյան, հավելելով, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որևէ մեկը իրեն բարև տվողին սեռական բնույթի հայհոյանք տա։
Սիմոնյանը պատմեց, որ հարվածին հաջորդել է փոքր ծեծկռտուք։ Սիմոնյանի խոսքով' Դանիելյանի հետ գտնվող երկու անձինք ևս հարվածել են իրեն և ծեծկռտուք է եղել, որին միջամտել են փողոցում քայլող մարդիկ, և երեք անձինք հեռացել են տարածքից։
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել էին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 2 անձ,որոնք ազատ են արձակվել։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նաև տարիներ առաջ իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։
Մանրամասները տեսանյութում։










