Վճարեք ձեր հարևանի կոմունալ վարձերը, դա ձեր հաշվին չէ, կառավարությունն արդեն այդ փողը տվել է․ վարչապետը դիմեց այն քաղաքացիներին, որոնք չունեն կառավարության ֆինանսական աջակցության կարիքը (տեսանյութ)

21:26 • 30.04.20

Եթե ստացել եք աջակցություն, որի կարիքը չունեք, կատարեք կարիքավորների կոմունալ վճարները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում առաջարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրերին։ Նա նշեց, որ կոմունալների թեմայով այդ նոր բանաձևն է ուզում ներկայացնել:

Նրա խոսքով՝ թեև այսօր առաջարկել էր, որ ովքեր աջակցության կարիք չունեն, ստացված գումարը փոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին, բայց հետո առաջացավ գաղափարը՝ օգնել կարիքավոր քաղաքացիներին:

«Մենք աջակցության բոլոր ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել ենք, բայց այդ 90 տոկոսի մեջ 30–40 տոկոսն այդ աջակցության կարիքը չունի, իսկ 70 տոկոսին՝ մի մասին աջակցել ենք, ինչքան անհրաժեշտ է, իսկ մյուս մասը մի քիչ ավելի աջակցության կարիք ունի»,-նշեց Փաշինյանը։

Նա պարզաբանեց՝ եթե քաղաքացին փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք է օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է իր հաշվին, բայց եթե նա չունի դրա կարիքը, պարզի՝ իր շենքում, բակում, ծանոթների և բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, և նրա փոխարեն վճարի:

«4.5 միլիարդ դրամ ենք մենք տվել, դրանով մենք 100 տոկոս փակում ենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ռեալ ունեն։ Մենք դա չենք կարողացել իրականացնել, քանի որ իրենց նույնականացնելու խնդիր ենք ունեցել։ Հաշվեք, թե կառավարության տված փողը նստել ա ձեր գրպանին, տարեք, վճարեք ձեր հարևանի, բարեկամի կոմունալ վարձերը, դա ձեր հաշվին չէ, կառավարությունն արդեն այդ փողը տվել է»,–ասաց վարչապետը։

 Մանրամասները՝ տեսանյութում: