Քաղաքական բացիլ չէ՞ր Դաշնակցությունը, երբ իր ապակենտրոն կառույցների դռները բաց ձեզ Սփյուռքում դիմավորեց ու գլխի վրա դրեց որպես ՀՀ վարչապետ․ Աբրահամ Գասպարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է, պետության ղեկավարը՝ տարբերվում է սովորական կուսակցականից, ՀԿ-աշխատակցից, վարորդից կամ լրագրողից...տարբերվում է իր մտածողության մասշտաբով, ռազմավարական խորության վերլուծությամբ…նա անկանոն ու չհաշվարկված քայլերի չի դիմում, ինչը կարող է իրեն թույլ տալ սովորական քաղաքական գործիչը, հռետորաբանությունը լինում է հնարավորինս զուսպ, հավասարակշռված, խոսքը՝ լսարան գրավող, բառերը՝ ընտրված ու որակյալ, ելույթները՝ տեղին: Այս մասին Այս մասին նշել է «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օգտագործած՝ ընդդիմախոսներին ուղղված «բացիլ» և «գերեզմանաքար» արտահայտություններին։
«Վարչապետն իր հրապարակային խոսքում անուշադիր է, գուցե այնքան է ծանրաբեռնված, որ չի զգում՝ երբ է բարկանում, պիտակավորում…բայց մարդկանց մի զգալի շերտ երկրում հակված չէ հալած յուղի տեղ ընդունել պետության ղեկավարի ամեն խոսքը կամ քայլը: Հիմա ինչ՝ եթե ձեզ ընդդիմանում են կամ կամայականություններին չեն ենթարկվում՝ ուրեմն՝ շնաբարո են, դուրսպրծուկ, կոռուպցիոներ, լափամանից օգտվողներ, նախկին ռեժիմի մնացորդներ, քաղաքական բացի՞լ»,- նշել է Գասպարյանը և հարց բարձրացրել, դիմելով իշխանությանը՝ դուք թագավորում եք նմա՞ն պետությունում, թե՞ միայն դուք ու ձեր օգտին քվեարկածներն են, որ արժանի են ապրելու մեր երկրում:
Գասպարյանն անդրադարձել է վարչապետի կողմից մասնավորապես ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած մտքերին․ «Որքա՞ն է սազական մեր երկրի վարչապետին 130-ամյա կուսակցության մասին այսպես խոսեր: ՀՅԴ-ն մեր ազգի հարստությունն է, մեր պատմության ամենաէական մասնիկներից մեկը, որքան էլ հակակրենք կամ համակրենք առանձին անհատների, ցույց տանք դաշնակցական գործիչների սխալները, դրանք համարենք աններելի: Դաշնակցությունն ու ընդհանրապես՝ մեր ավանդական կուսակցությունները մեր հարստությունն են, մեր պատմությունն են, ներկան ու վստահ եմ՝ ապագան:
Քաղաքական բացիլ չէ՞ր Դաշնակցությունը, երբ իր ապակենտրոն կառույցների դռները բաց՝ ձեզ Սփյուռքում դիմավորեց ու գլխի վրա դրեց որպես ՀՀ վարչապետ..․և սա այն դեպքում, երբ ՀՅԴ Սփյուռքի կառույցների դիրքորոշումը չէր համընկնում Հայաստանի կառույցինի հետ:
Բացիլնե՞րն են տասնամյակներով մեզ հայ պահել Սփյուռքում, եկեղեցի, դպրոց ու թատրոն կառուցել, գիրք տպել, հայերեն ապրել, կամավորական գնդերով արցախյան ազատամարտ կռել:
Յուրաքանչյուրիս իրավունքն է չսիրել, չհարգել իքս կուսակցությանը կամ նրա ղեկավարին, անդամին…բայց անվանարկել մի ամբողջ կառույց, թեկուզև՝ ալեգորիկ խոսել մահվան մասին, ճիշտ չէ»։
Վերջում Գասպարյանը դիմել է Փաշինյանին՝ նշելով․ «Մի օր եթե հանդիպեք Դուշմանի, Ասկոլկայի, Թաթուլի ու Պետոյի մայրերին՝ ձեզ հաստատ կպատմեն բացիլի ու Դաշնակցության տարբերությունը»։










