Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից: Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները:
Կազմակերպությունից նշել են, որ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան, և որպես այդպիսին այն որոշակի իրավաբանական պարտավորություններ ունի:
«Այսպիսով, պետությունը պետք է հետևի, որ ոչ մի փոփոխություն չխաթարի իր տարածքում գտնվող օբյեկտի բացառիկ արժեքը: Ցանկացած փոփոխության մասին պետությունը պետք է տեղյակ պահի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անհրաժեշտության դեպքում փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից »,-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է նաև, որ մի քանի նամակներով իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և հինգշաբթի օրը ուղերձ է փոխանցել Թուրքիայի դեսպանին:
«Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երկխոսություն սկսել նախքան որևէ որոշում կայացնելը, քանի որ դա կարող է խաթարել վայրի համընդհանուր արժեքը»-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










