Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամիսներ շարունակ կողմ էր արտահայտվել 850-ամյա տաճարի վերականգնման ժամանակակից դիզայնին, սակայն այժմ հակառակ որոշում է ընդունել՝ աջակցելով տաճարի սրածայր աշտարակի նախկին տեսքի վերականգնման ծրագրին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ամիսներ տևած բուռն քննարկումների արդյունքում Մակրոնը մի կողմ է թողել Փարիզի Աստվածամոր տաճարի վնասված տանիքն ու աշտարակը գերժամանակակից դիզայնով վերականգնելու գաղափարը, որի համար կառավարությունն անցյալ տարի մրցույթ էր հայտարարել: Նախատեսվում էր մրցույթի արդյունքներն ամփոփել այս տարվա առաջին կեսին, սակայն դիզայնի հարցով որոշումը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքները հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Հանրապետության նախագահը համոզվել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է վերականգնվի իր նախկին տեսքին հնարավորինս մոտ և համահունչ հայտնի տարբերակին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Մակրոնն այս որոշումը կայացրել է երկրի մշակույթի նախարարի պաշտոնում Ռոզելին Բաչելոտի նշանակման օրը, որը կողմ է արտահայտվել տաճարը «նույն տեսքով վերականգնելուն», ինչպիսին որ այն եղել էր:
Հիշեցնենք, որ ֆրանսիական մայրաքաղաքի և ողջ աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը զգալիորեն վնասվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին բռնկված հրդեհի պատճառով:










