Մելանյա Թրամփը որոշել է Սպիտակ տան Վարդագույն պարտեզին Ջոն Քենեդիի ժամանակների տեսքը հաղորդել (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, որոշել է Սպիտակ տան Վարդագույն պարտեզում բարելավման աշխատանքներ իրականացնել և դրան կրկին նախկին նախագահ Ջոն Քենեդիի ժամանակների տեսքը հաղորդել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Բարեկարգման աշխատանքները սկսվել են երկուշաբթի, դրանք մոտ երեք շաբաթ կտևեն։ Հիշեցնենք, որ հատկապես կորոնավիրուսի համավարակի ընթացքում Դոնալդ Թրամփը շատ հաճախ է մամուլի ասուլիսներ ու ճեպազրույցներ տվել այստեղ, քանի որ անգամ տասնյակ մարդկանց ներկա գտնվելու դեպքում այստեղ հնարավոր է սոցիալական հեռավորություն պահել։
Նշվում է, որ առաջին տիկնոջ նպատակը պարտեզն իր արմատներին վերադարձնելն է, այն է՝ Ջոն Քենեդիի նախագահության տարիներին դիզայներ և բարերար Ռեյչլ Լամբերթ Մելոնի նախագծած տեսքը կրկին ստանալը։
Մելանյա Թրամփը բազմիցս է նշել է, որ Ջեքի Քենեդին իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։
Պարտեզի բարեկարգման համար անհրաժեշտ գումարը գոյացել է ոչ թե հարկատուների բյուջեից, այլ տարբեր բարերարների նվիրատվություններից։ Սպիտակ տունը հրաժարվել է ներկայացնել նվիրատուների անունները՝ պատճառաբանելով, որ դրանք անձնական տեղեկություններ են։













