«Ստիպված կլինեք չիներեն սովորել»․ Թրամփը հայտնել է, թե ինչ կլինի, եթե իր մրցակիցը հաղթի նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե սպասվող նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը հաղթանակ տանի, ապա Չինաստանը կտիրի ԱՄՆ-ին, իսկ մարդիկ ստիպված կլինեն չիներեն սովորել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Եթե Բայդենը հաղթի, Չինաստանն ԱՄՆ-ն գրավելու է, իսկ ինձ հետ նրանք 67 տարվա մեջ ամենավատ տարին են ունեցել, քանի որ ես նրանց մաքսատուրքերով եմ ծանրաբեռնել․ մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք ստացել Չինաստանից, իսկ դա մեծ ազդեցություն, բացասական ազդեցություն է ունեցել նրանց վրա»,- նշել է Թրամփը։
«Եթե ընտրություններում չհաղթեմ, Չինաստանը կգրավի ԱՄՆ-ն, եթե ուզում եք ճիշտն իմանալ, ստիպված կլինեք չիներեն սովորել»,- հայտարարել է Թրամփը։
Նախագահը նաև հավաստիացրել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինի հետ հարաբերությունները կորոնավիրուսի համավարակի հետևանքով վատացել են։
«Ես լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Սիի հետ։ Ես կասեի հրաշալի, ոչ թե լավ։ Սակայն իմ հարաբերություններն իր հետ չինական վիրուսի հետ կապված իրենց արածներից հետո վատացել են»,- նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ ամերիկյան կողմը նոր տեսակի կորոնավիրուսն Ուհանի լաբորատորիայում արհեստածին եղանակով ստեղծելու վարկածն է դիտարկում։










