Տնտեսական առումով պարտք ունենալը վատ չէ, եթե այն օգտագործվում են նպատակային, սակայն հիմա պարտքը դնում են ավանդ, որից ստացած տոկոսները դառնում են գործուղումների և պարգևավճարների աղբյուր. տնտեսագետ
Պարտքեր ունենալը տնտեսական առումով վատ չէ, եթե այն օգտագործվում է տնտեսական որևէ ճյուղ զարգացնելու համար, որտեղ սահմանված արդյունքները չափելի են. պետական պարտքը՝ ներառյալ ԿԲ պարտքը, չի կարելի վերցնել և տնտեսության մեջ չներարկել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ պետական պարտքը 2020 թվականի 7 ամիսների ըթնացքում ավելացել է 618.2 դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարի:
«Պետական պարտքը ՀՀ և ՀՀ ԿԲ անունից որևէ պահի դրությամբ առկա պարտքի հանրագումարն է։ Պետական պարտքի հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով։ Սույն օրենքը նպատակ ունի պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ և հրապարակային կազմակերպումն ապահովել: Մի կարևոր հանգամանք կա, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և ՀՀ համախառն ներքին արդյունքի հարաբերակցության շեմը սահմանված է 60 տոկոս: Հիմա մեր երկում տնտեսական վիճակը վատանում է, իսկ պարտքն ավելանում՝ մոտենալով 8,0 մլրդ ԱՄՆ դոլարին։ Սպասենք տարեվերջյան ցուցանիշներին:
Պարտքեր ունենալը տնտեսական առումով վատ չի, եթե այն օգտագործվում է տնտեսական որևէ ճյուղ զարգացնելու համար, որտեղ սահմանված արդյունքները չափելի են։ Պետական պարտքը՝ ներառյալ ԿԲ պարտքը, չի կարելի վերցնել և տնտեսության մեջ չներարկել»,- ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց՝ վերցնում են պարտքը, դնում ավանդ, որից ստացված տոկոսները քշում պահուստային ֆոնդեր, որը դառնում է գործուղումների և/կամ պարգևավճարների աղբյուր, իսկ ավանդ դրված գումարները հասարակ մարդկանց համար դառնում են օրինակ՝ սպառողական վարկեր։ «Ի վերջո այդ պարտքերը պետք է սպասարկվեն և մարվեն մեր քաղաքացիների վճարված հարկերից։ Ժամանակին, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտք ներգրավելու մի որևէ միջազգային փաստաթուղթ էր քննարկում, նախորդ իշխանություններին քննադատում էր ամենասուր բառամթերքով, իսկ այսօր ՀՀ ԱԺ-ն պարզապես չունի այդպիսի պատգամավոր, այ եթե լիներ, այս կառավարությունն ուղղակի կորած էր»,- շեշտեց նա:
Իսկ թե ինչ պետք է արվեր, ըստ տնտեսագետի, առաջին հերթին պետք էր 2020-ի բյուջեն հարմարացվեր այս տարվա ցուցանիշներին, քանի որ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ չի լինելու ակնկալվող 4,9 տոկոս հեղափոխական տնտեսական աճը, նույնիսկ լինելու է անկում։ «Հիմա արդեն ակնումն ակնհայտ է, անկում են գրանցել բոլոր ոլորտները, այդ են վկայում մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք պաշտոնապես հրապարակվել են։ Իսկ մեր կառավարությունը չվերանայեց բյուջեի ծախսային հոդվածները, չկասեցրեց պարտադիր կուտակային ֆոնդերին մասհանումներն ու շարունակեց ճոխ պարգևավճարներ բաժանելը»,- նշեց նա:
Եվ վերջապես, նրա խոսքով, պետք է հստակ արձանագրել, որ այս իշխանությունների ֆինանսատնտեսական քաղաքականությունը մշակող պաշտոնյաները տանում են նախկին նեոլիբերալ կուրսը և հիմնականում նախկին կադրերն են։ «Նիկոլ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այն անհրաժեշտ մասնագիտական բազան, որ նոր մոդել սպասենք։ Վերադառնալով պետական պարտքի ավելացմանը՝ պետք է արձանագրել, որ պետական պարտքը 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ կազմում է շուրջ 7,94 մլրդ ԱՄՆ դոլար, որը կազմում է 2019 թվականի դեպտեմբերի 31-ի ՀՆԱ-ի շուրջ 58,1 տոկսը, իսկ այս տարվա ՀՆԱ-ն անկում է գրանցում։ Միայն 2-րդ եռամսյակի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 13,6 տոկոս անկում է գրանցել»,- եզրափակեց Գրիգորյանը:










