«Այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը»․Նավալնիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմսկի հիվանդանոցի բժիշկները հրաժարվում են նրան Գերմանիա տեղափոխել

10:28 • 21.08.20

Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հրաժարվել է գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ: Այս մասին Twitter-ում հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Օմսկի հիվանդանոցում առանց սարքավորումների և առանց ախտորոշման մնալն այս իրավիճակում մահացու վտանգավոր է»,- հայտնել է նա։

Յարմիշը բժիշկների արգելքը որակել է Նավալնու «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն իր հերթին հայտնել է, որ ի սկզբանե բժիշկները Նավալնիի տեղափոխման համար փաստաթղթեր և սարքավորումներ են պատրաստել, բայց հետո նրանք հրաժարվել են տեղափոխել Նավալնիին։

Նավալնիի համախոհներն ավելի վաղ հայտարարել էին, որ բժիշկները հրաժարվում են տեղափոխել գործչին, որպեսզի խանգարեն պարզել, թե վերջինիս ինչ նյութով են թունավորել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից: 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Ավելի ուշ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը։

Բժիշկները դեռևս չեն հայտնել վերջնական ախտորոշումը: