«Մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում». Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին (տեսանյութ)
Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր լրագրողներին հայտնել է, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում, գրում է meduza.io-ն:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում: Ցավոք, այժմ նշել չեմ կարող...Սակայն կարող եմ ասել, որ դրանք բոլորն աշխատանքային են, մենք դրանք բոլորը մշակում ենք: Դրանք մշակվում են ռեանիմատոլոգների, նյարդաբանների, նյարդաֆիզիոլոգների կողմից...Մենք բոլորս պայքարում ենք մեր հիվանդի կյանքի համար»,- ասել է նա:
Ըստ նրա՝ բժիշկները շարունակում են անալիզներ վերցնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նավալնիից, հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր, փոխանցում է ria.ru-ն:
Մուրախովսկին նշել է նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
«Անհրաժեշտ է հիվանդի առողջական վիճակի ամբողջական կայունացմանը հասնել», - ասել է Մուրախովսկին:
Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։
Главный врач омской больницы, где сейчас находится Алексей Навальный, рассказал, что на сегодняшний день у врачей пять рабочих диагнозов. На консилиуме с московскими коллегами решили, что говорить о транспортировке пока рано, потому что состояние пациента нестабильное. pic.twitter.com/4AmExZeMZ1
— lifenews_ru (@lifenews_ru) August 21, 2020










