«Ես և Պուտինը հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հապաղենք». Լուկաշենկոն մեկնաբանել է Մինսկի համար ռուս ուժայիններից ռեզերվ ձևավորելու մասին Պուտինի հայտարարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մինսկին հնարավոր օգնության նպատակով Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորելու մասին հայտարարությունը:
«Դուք երեկ լսեցիք մեր հարևանի և իմ լավ ընկերոջ հայտարարությունը: Դա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են պաշտպանել Բելառուսը: Լսե՛ք, մենք ինքներս կպաշտպանվենք: Բայց Ռուսաստանի նախագահը և ես հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք հապաղենք»,- ասել է Լուկաշենկոն:
Ըստ նրա՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «կորոշվեն ոչ մեր հարցերը»:
«Նրանց (Արևմուտքին-Խմբ.) Բելառուսը պետք չէ: Բելառուսը ցատկահարթակ է դեպի Ռուսաստան...Պետք է կոտրել այս իշխանությանը, բերել ուրիշների, որոնք կդիմեն օտար երկրի, որպեսզի զորք մտցնեն և աջակցություն ցույց տան: Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ նրանք կիրացնեն իրենց արտադրանքը»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը, խոսելով ռազմական սպառնալիքի մասին, ասել է, որ այն իրոք առկա է:
Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։
«Բայց մենք պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։
Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը:










