Պետությունը գյուղացուն թողել է իր խնդրի հետ մենակ, մինչդեռ պարտավոր էր միջամտել, երբ շուկան ձախողվում էր. Արթուր Խաչատրյանը՝ խաղողի մթերման գնային քաղաքականության մասին (տեսանյութ)

21:02 • 15.09.20

Այս տարի խաղողի մթերման գինը նվազել է՝ 135 դրամ. բողոքում են խաղողագործները։ Ասում են՝ նախորդ տարիներին հասել է 200 դրամի և  ավելիի։

Խաղողի մթերման գնային պայմանների մասին Թերթ․am-ը զրուցել է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ, վերջինս նշում է՝ խաղողի ինքնարժեքով վաճառքը նույնն է՝ ինչ չվաճառելը։

Տնտեսվարողների կողմից գնի իջեցումը բացատրվում է համավարակային ճգնաժամով, սակայն խաղողագործների միության նախագահի խոսքով՝ նրանք տարվա ընթացքում գերշահույթ են ունենում, ստացվում է խաղողագործն է մենակ տուժում։

Ի պատասխան՝ Արմավիրի մարզպետի տեղակալ  Կարեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որը նա արել էր խաղողագործների հետ հանդիպման ժամանակ, թե խաղողի մթերման գնային քաղաքականությունը արտադրամասերն են որոշում, և այդ մասով իրենք չենք կարող որեւէ բան անել, Արտակ Սարգսյանը հակառակն է պնդում․ «Եթե  ժողովրդի քվեով է կառավարությունը ընտրվել, այդ դեպքում ժողովրդի մասին ո՞վ պետք է մտածի, սա ո՛չ տեղին և ո՛չ արժանի պատասխան է»։

Արտակ Սարգսյանի կարծիքով՝ փոխմարզպետի և խաղողագործների հանդիպումը արդյունք չի տվել, միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվում․

Իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը կարծում է, որ խաղողագործների խնդիրը արմատական լուծում է պահանջում՝ ինչպես դա արվեց հարևան Վրաստանում․ «Վրաստանում կան հզոր կառույցներ, պետությունն իր ծախսերով ուսումնասիրում է սեփական խաղողի գինու պոտենցյալը, խորհուրդ է տալիս սեփական գյուղացիներին, մենք ի՞նչ ենք արել, մենք ուղղակի թողել ենք գյուղացուն իր խնդրի հետ  մենակ»։

Ի պատասխան այն հայտարարության, թե խաղողի մթերման գնային քաղաքականությունը որոշում է շուկան, Արթուր Խաչատրյանը առարկում է․ «Հարաբերությունները, որ կան խաղողը արտադրողի և խաղողը մթերողի միջև, դրանք հավասար հարաբերություններ չեն․ խաղող մթերողներ կայացած, հզոր բիզնեսներ են, իսկ խաղող արտադրողները փոքր են՝ հատվածական են, կա պետություն և պետության պարտավորությունն է խնդիրը լուծել, պետության պարտավորությունն է միջամտել այն ժամանակ, երբ շուկան ձախողվում է»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ քանի դեռ չկան համապատասխան կառույցներ, որոնք կպաշտպանեն խաղող արտադրողի շահերը, պետությունը պարտավոր է օգնել։