Ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա, թե՛ պահեստազորը, թե՛ կամավորներն աջակցող ֆունկցիա ունեն. Արծրուն Հովհաննիսյան

00:08 • 22.10.20

Տեղական ինքնակառավարան մարմինները օգնում և համակարգում են կամավորագրումը և զորահավաքը, բայց հիմնական համակարգող մարմինը զինկոմիսարիատներն են: Նրանք աշխատում են ՏԻՄ-ի հետ համատեղ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է կանոնակարգվում կամավորների հավաքագրումը:

Անդրադառնալով Սփյուռքից եկած քաղաքացներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն, Հովհաննիսյանը նշեց՝ խնդիր կա, քանի որ նրանք օրենքով չեն կարող զինվորագրել, չնայած կան մարդիկ, որոնք, ըստ նրա՝ կամավոր գնացել են ռազմաճակատ, սակայն հետ են վերադարձել, որովհետև պետք է լինեն ՀՀ քաղաքացի։

Հարցին, թե վարչապետը հայտարարեց կամավորական ջոկատների անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ՏԻՄ-երի, ՀԿ-ների միջոցով, ինչո՞ւ է ամբողջական ծանրությունը դրվում աշխարհազորի և կամավորների վրա, եթե կա  կանոնավոր բանակի պահեստազոր, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ծանրությունը չի դրվում կամավորների վրա, կամավորները պետք են, բայց  ծանրությունը նույնիսկ պահեստազորի վրա չէ, ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա: Թե՛ պահեստազորը, թե՛ կամավորները օգնող, աջակցող ֆունկցիա ունեն, հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բժիշկները ծանր աշխատանքներ են կատարում,  բեկորային վիրավորումները շատ են, նրանք հաճախ պայքարում են ոչ միայն կյանքեր փրկելու համար, այլ հայտնվում են կրակի տակ:

«Ինչպես գիտեք, հարվածել էին Մարտակերտի հոսպիտալին, կան նաև դեպքեր, երբ բժշկական հոսպիտալին են հարվածել, և բուժօգնության մեքենաները խոցվել են: Խոսքը ոչ թե շտապօգնության մեքենաների մասին է, որ աշխատում են  հիվանդանոցից հիվանդանոց, այլ ռազմաճակատից մինչև բուժօգնության հաստատության մեքենաների է վերաբերում»,- ընդգծեց նա: