Fox-ը չեղարկել է իր եթերում Թրամփի աջակից Լու Դոբսի՝ Lou Dobbs Tonight հաղորդման ցուցադրումը
Ամերիկյան Fox News Media հեռուստաընկերությունը Fox Business հեռուստաալիքի եթերում այլևս չի ցուցադրի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Լու Դոբսի՝ Lou Dobbs Tonight հաղորդումը, հայտնում է The New York Times-ը։
Fox News Media-ի ներկայացուցիչների խոսքով ՝ հաղորդման չեղարկումը կապված է «եթերային հաղորդումների կանոնավոր վերանայման» հետ և պլանավորվում էր ավելի վաղ։
Lou Dobbs Tonight հաղորդման վերջին թողարկումը Fox Business-ի եթերում հեռարձակվել է ուրբաթ, սակայն այն վարել է մեկ այլ հաղորդավար։ Երկուշաբթի օրվանից դրա փոխարեն կհեռարձակվի Fox Business Tonight հաղորդումը։
CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրին, պնդում է՝ Fox News Media-ի ղեկավարությունը Դոբսին ստիպել է հրաժարվել իր աշխատանքից:
Անցած հինգշաբթի Smartmatic USA-ը հայց էր ներկայացրել Fox News Media հեռուստաընկերության, հաղորդավարներ Լու Դոբսի, Մարիա Բարտիրոմոյի, Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի և մի շարք այլ անձանց դեմ՝ պնդելով, որ նախագահական ընտրությունների օրերին նրանք «ապատեղեկատվության արշավ» են իրականացրել։
Ֆլորիդայում տեղակայված ընկերությունը պահանջում է 2,7 մլրդ դոլարի վնասի փոխհատուցում։ ԶԼՄ-ները նաև չեն բացառում, որ հաղորդման չեղարկումը կապված է դատական գործի հետ։










