Չինաստանում ոգեկոչել են կորոնավիրուսի համաճարակի մասին առաջինն ահազանգած բժշկի հիշատակը՝ նրա մահվան տարելիցին ընդառաջ  

23:30 • 06.02.21

 

Չինաստանում մահվանից մեկ տարի անց հարգանքի տուրք են մատուցել բժշկին, որն առաջինն էր ահազանգել երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին:   

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Ուհանում «Covid-19»-ից մահացած Լի Վենլյանի հիշատակը ոգեկոչել են սոցցանցում: Հազարավոր մարդիկ են միացել բժշկի հիշատակի ոգեկոչմանը՝ նրա մահվան առաջին տարելիցին`փետրվարի 7-ին ընդառաջ:

Վերջինս կորոնավիրուսով վարակվել էր Ուհանում հիվանդներին բուժելիս: Նախքան այդ, Լին փորձել էր նախազգուշացնել իր գործընկերներին տարածվող հիվանդության մասին, սակայն ոստիկանությունից նրան զգուշացրել էին «դադարել կեղծ լուրեր տարածել»: Վերջինս անգամ կալանավորվել էր:  

Լին ակնաբույժ էր, որն աշխատում էր վիրուսի տարածման կենտրոն հանդիսացող Ուհանի հիվանդանոցում:  

Այժմ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 105 մլն-ը, իսկ վիրուսի հետևանքով մահացածներինը՝ 2,3 մլն-ը: