Եղեգիսում 3 որսորդ սպանել են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ
2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք, գրում է Econews.am-ը:
Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ա․Մ-ն իրեն պատկանող զենքով որսացել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Առգրավվել է 1 հատ 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան և պարկում թաքցված կենդանու մասնատված մարմին։ Կատարվում է հետաքննություն։











