«Ղեկավարությունն անգործություն է դրսևորում». անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպում ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության դիմաց այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում: Նրանք պահանջում են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում՝ նշելով, որ ղեկավարությունն անգործություն է դրսևորում:
Անհետ կորած զինծառայողի ծնողներից Էմիլ Սարգսյանն ասաց, որ իր քրոջ որդին հոկտեմբերի 10-ին, ժամը 10:30-ին զանգել է, դրանից հետո այլևս նրա հետ կապ չկա ու մինչև այսօր փնտրում են նրան:
«Տեսնում եք որքան ծնող կա այստեղ, մինչ օրս ծնողներով մեր երեխեքին ենք փնտրում: Ոչ ոք ոչ մի բան չի անում, բացի Արցախի ԱԻՆ-ից: Այստեղ գործող սպայակազմն արգելում է մտնել իրենց տարածքները, որտեղ եղել է թեժ պահեր, երեխեքը կորել են այդ ժամանակ: Գումարտակի հրամանատարությունը և մնացած բոլորն անտեղյակ են եղել երեխեքից, իսկ այսօր բոլոր սպաները նեղվում են, ծնողներին չեն ուզում հանդիպեն, ասում են՝ իրենց ահաբեկում ենք, ծեծի ենք ենթարկում»,- ասաց նա:
Էմիլ Սարգսյանը նշեց, որ Վաղարշակ Հարությունյանի օգնականն իրենց փոխանցել է՝ եթե ծնողները սպաների հետ «վատ խոսեն» պատասխանատվության կենթարկվեն: «Մեր այստեղ հավաքվելու պատճառն այն է, որ մենք ուզում ենք պաշտպանության նախարարին տեսնենք, եթե սպայական կազմը ցանկություն չունի ծնողների հետ հանդիպի, թող Վաղարշակ Հարությունյանը գա ու մեր հարցերին պատասխանի»,- ասաց նա և հավելեց.
«Ինչքա՞ն կարելի է՝ 3-4 ամիս է տունը խաբես ու քնացնես, էդ մորն ասես՝ գիտեք, քո երեխեն վաղն ա գալիս, մյուս օրն է գալիս, բայց որևէ արդյունք չկա»:
Նա նորից շեշտեց՝ իրենց բոլորի պահանջը նույնն է՝ հանդիպում Վաղարշակ Հարությունյանի հետ:










